Տեսանյութեր Հասարակություն 

Ահազանգ. Շանը քարշ է տալիս փողոցով և նետում բեռնախցիկը /տեսանյութ/

EcoNews.am-ը գրում է.

«EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող ահազանգեր ստանալ: Այս անգամ Երևան քաղաքի բնակչից ստացել ենք ահազանգ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների կողմից թափառող կենդանուն բռնելու ձևի մասին, որը ոչ պրոֆեսիոնալ է և սպառնում է կենդանու ֆիզիկական ու հոգեկան առողջությանը: Ահազանգող բնակիչը տեսանկարահանել է գործընթացը:

Տեսանյութում երևում է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ մի քանի աշխատակից փորձում են բռնել միջին չափեր ունեցող շան: Աշխատակիցը կենդանուն «ֆիքսել է» հատուկ սարքի միջոցով, սակայն ակնհայտորեն ոչ ճշգրիտ եղանակով. սարքը նախատեսված է կենդանու վզի վրա հագցնելու միջոցով ֆիքսելու համար, սակայն տեսանյութում երևում է, որ շունը «բռնված է» ողնաշարից: Բացի այն, որ սխալ է ֆիսքման եղանակը, ավելին՝ աշխատակիցը շանը քարշ է տալիս փողոցով՝ նետելով մեքենայի բեռնախցիկը: Փաստացի, կենդանուն անվնաս եղանակով ֆիքսելու և մոտակայքում գտնվող վանդակում տեղավորելու փոխարեն, աշխատակիցը կենդանուն «բռնում է» ողնաշարից, քարշ տալիս փողոցով և նետում մեքենայի բեռնախցիկը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ուսումնասիրել է երևույթի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները:

«Շատ վատ բան են անում։ Նախ, սարքը միայն վզի համար է նախատեսված, շանն այդպես քարշ տալով հնարավոր է անգամ կողոսկրը ջարդել։ Այն, ինչ մենք տեսնում ենք այս տեսանյութի մեջ աննորմալ է և դա ահավոր է ազդում շան հոգեբանության վրա՝ մարդ-շուն կապի վրա։ Այդ կապը կարելի է կտրել մեկնդմիշտ, իսկ այդ կենտրոնը չունի այդքան ռեսուրս, ժամանակ, մասնագետ, որ այդ շանը սկսի հետ համոզել, թե այդպիսի բան այլևս չի կրկնվի՝ շունը կարճ է մտածում ու շատ պրիմիտիվ, մեկ անգամը բավական է. կենդանին կարող է խաչ քաշել այդ հարաբերությունների վրա և դառնալ խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց շների հոգեբան, վարժեցնող Ռոլանդ Պողոսյանը։

Շանը նման եղանակով բռնելն ու քարշ տալն անթույլատրելի է նաև կենդանաբույժ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով։ «Այսպես բռնելու և քարշ տալու դեպքում շունը կարող է ցանկացած տեսակի տրավմատիկ վնասվածք ստանալ, ինչն անընդունելի է միջազգային պրակտիկայում /WSAVA - World Small Animal Veterinary Association; The World Society for the Protection of Animals - WSPA standards/։ Եթե շանն անհնար է այլ եղանակով բռնել, պետք է օգտագործել հատուկ ցանցեր, որոնցով բռնելուց հետո միայն՝ ֆիքսել։ Սա ոչ մարդկային վերաբերմունք է կենդանու նկատմամբ և չի արդարացվում նրանով, որ Երևանում կա թափառող կենդանիների քանակային խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ Գրիգոր Գրիգորյանը՝ ներկայացնելով նաև տեսանյութ, որտեղ վերջինս շանը բռնում է ցանցի միջոցով»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից