Մեր քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունն ու ինքնաընկալումը փոխելն է: Այս մասին ՀՔԾ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև նշելով, որ մարդկանց ընկալումը պետական պաշտոնյաների նկատմամբ պետք է փոխվի:
«Որևէ մեկս ամբողջությամբ զերծ չենք գայթակղությունից, որովհետև իներցիաներն ու ավանդույթներն իրականում շատ ուժեղ են, մեծ ուժ ունեն:
Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում եղել է, դեռևս կա ու դեռ որոշ ժամանակ կշարունակվի այն, որ պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, այսպես ասած, իշխանի և բդեշխի բարդույթ, տիրողի բարդույթ:
Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի այդ բարդույթները փոխակերվի «հիսուսի բարդույթով»:
Ինչո՞ւ եմ ասում հենց «հիսուսի բարդույթ», որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր՝ միանշանակ: Այս երկուսը մեկը մյուսից անջատելուց հետո պաշտոնյան բավարար չափով օգտակար չի լինի:
Պետական պաշտոնյան պետք է առաջնորդվի և՛ ծառայի և՛ տիրոջ չափանիշներով:
Հիսուսը և՛ ծառա է և՛ տեր՝ միաժամանակ: Նա տեր էր այնքանով, որ կարող է կայացնել որոշումներ և կարող էր որոշումների տրամաբանությունը բացատրել այլոց՝ հարազատ դարձնելով այն այդ մարդկանց»: