Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով հետախուզման մեջ գտնվող ՀՀ այն քաղաքացիների մասին, ովքեր Հայաստանում չեն ու պատասխանելով հարցին՝ իրեն չի մտահոգում արդյո՞ք այն փաստը, որ բոլորը գտնվում են Ռուսաստանում, ասաց, որ այս պահին համընդհանուր գնահատական տալու հիմքեր չունի. «Թվարկած անձինք ամեն մեկն ունեցել են առանձին անհատական պատճառներ, որոնք կոնվենցիայով հստակ ամրագրված են»:
Հարցին, թե ինչու են հենց Ռուսաստան գնում, Դավթյանն ասաց, որ մեկնողներին պետք է հարցնել. «Երևի հեշտ է Ռուսաստան գնալը: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք շատ ավելի բաց շփման ռեժիմ ունենք: Երկրներ կան, որ խստացված վիզային ռեժիմ կա»:
Դավթյանը վստահեցրեց, որ ոչ միայն Ռուսաստանում կան հետախուզվողներ՝ նշելով, որ առաջիկայում այդ մասին հանրությունը կիմանա. «Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում»:
Հարցին՝ Կոստանյանը փախե՞լ է, Դավթյանն ասաց, որ նման բան չի կարող ասել:
Իսկ «գյորայի» մեջ մտնում է արդյո՞ք Սաշիկ Սարգսյանի որդին, Դավթյանն ասաց, որ բոլորի մեջ գյորան մտնում է:
Հարցին՝ արդյո՞ք իրենք իրենց մեղավորությունը չեն տեսնում, որ մարդիկ կարողանում են այդքան հեշտ հեռանալ, Դավթյանը նշեց, որ ամեն դեպք առանձին վերլուծվում է, մինչ այս պահը որևէ թերացման փաստ չի արձանագրվել: Դատախազի խոսքերով, որևէ մեկի ելքն արգելելու համար պետք է հիմքեր լինեն: