Գլխավոր Ռազմական 

Ի՞նչ է մտածում ՊՆ-ն 10 միլիոնով 1 ամիս ծառայելու վերաբերյալ Իմ քայլի պատգամավորի նախագծի մասին. Պարզաբանում է փոխնախարարը

analitik.am

Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը: Դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ պարտավորություն, որը գրված է Սահմանադրության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծի մասին, որով առաջարկվում է 10 միլիոն վճարել, ծառայել մեկ ամիս և ստանալ զինվորական գրքույկ:

Բալայանի խոսքերով, սահմանված են նաև այն դեպքերը, որոնց պարագայում քաղաքացին ազատվում է զինվորական ծառայությունից. «Կառավարության պարտավարությունն է, որոնք ընդունվում են ԱԺ-ի կողմից և ստորագրվում ՀՀ նախագահի կողմից: Այդ համատեքստում այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն որպես այդպիսին ՊՆ-ն չի քննարկում և ՊՆ-ի համար ընդունելի չէ»:

Ինչ վերաբերում է պատգամավորի խոսքերին, որ մեկ ամիսը բավարար է ուսումնական փուլի համար, Բալայանը հայտարարեց, որ այսօր գոյություն ունի առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ, որի ընթացքում զինվորականները ստանում են գիտելիքները հետո կիրառելու համար. «Մենք չենք կարող դիտարկել այդ ուսումնական փուլի կրճատման տարբերակը, քանի որ դա ռազմական գիտության հիման վրա ստեղծված ուսումնական պրոցես է, որը տալիս է նվազագույն գիտելիքներ: Ուսումնական փուլի ավարտից հետո ստուգարքներ ու քննություններ կան, որպեսզի պարզ լինի՝ նա պատրաստ է իրականացնելու իր պարտավորությունները, թե՝ ոչ»:

Բալայանի խոսքերով, միգուցե կա այլ միջազգային փորձ, որին հղում է անում պատգամավորը, ինքը չի ուսումնասիրել, սակայն այսօր առնվազն 5 ամսվա ուսումնական փուլ կա:

Նույն շարքից