Որ օրը Հայոց բանակը մարտունակ չլինի, նույն օրը թուրքը պատերազմ կսկսի. լրագրողների հետ զրույցում այսօր նման կարծիք այսօր հայտնեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ շեշտելով, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ չի վերսկսում:
«Քանի պատերազմ չի սկսվել, հարյուր տոկոս վստահ եղեք, որ մեր բանակը մարտունակ է»,-ասաց նա:
Դիտարկմանը թե մարդիկ կան, որ այլ կարծիք են հայտնում, ասաց, որ չար լեզուներն ինչ ասես կարող են խոսել:
Անդրադառնալով ՀՀ Նախագահի՝ Պաշտպանության նախարարությունում արած հայտարարություններին և ադրբեջանական կողմի ուղղված նախազգուշացումներին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Նախագահն ասաց՝ ձեզ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, կտանք բերաններիդ, նորից կպատժենք, դա խիստ չէր էլ ասված, դա նուրբ էր: Քանի գործով չի, դեռ խիստ չի: Նա ասում էր, որ անմեղ մարդկանց մի խփեք, մի կրակեք, թե չէ սահմանին մենք էլ ենք ի վիճակի հակառակ պատասխաններ տալու»:
Հարցին, թե կարո՞ղ է պատերազմը վերսկսվել, հաշվի առնելով այն, որ հակառակորդը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ գործողություններ է իրականացնում Արցախում ու Տավուշում, ասաց, որ իրականում 1989թ-ից է սկսվել է պատերազմը ու չի ավարտվել:
«Երկու-երեք անգամ մեծ մասշտաբի պատերազմներ ա եղել: Բայց հիմա, մանավանդ Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակն է, Թուրքիան բզում–բզկոտում ա, դրանք էլ խաղեր են տալիս: Ուզում են 100-ամյակի նկատմամբ միջազգային ուշադրությունը շեղեն: Իսկ մեծամասշտաբ պատերազմ ո՛չ հնարավոր է, ո՛չ էլ անհնարին է: Մենք հլը պատերազմից դուրս չենք եկել, դրա համար եմ ասում: Մեր զինվորը 89-ից 24 ժամ սահմանը գծած, զենքը ձեռքին պահպանում է: Մենք ենք մեկ-մեկ մոռանում, որ այո 10-հազարավոր երիտասարդների կանգնացրել ենք սարերի, լեռների, թմբերի, անտառների վրա, մոռանում ենք նրանց այնտեղ, շուռ ենք գալիս ու այլ բաներ կիսելով են զբաղվում»,-ասաց նա:
Հարցին, թե 20 օրվա մեջ 12 զոհը շատ չէ արդյո՞ք, Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ անգամ մեկ զոհն է շատ:
«Եթե զոհ ա, ուրեմն շատ-շատ ա, մանավանդ երիտասարդի զոհվելը: 2015թ.-ը, ոնց նայում եմ, մանավանդ 100-ամյակն է, լավ տարի չի մեզ համար: Գյումրիի դեպքերն էլ եղան: Փոխանակ մենք միասնանանք, որ ուրիշները զգաստանան, չփորձեն քնած տեղը մարդ սպանեն, երեխա սպանեն, ելնում ենք ոստիկաններին ենք քարերով տալիս»,-ասաց նա: