Հասարակություն 

Դպրոցից մեծ գումար է անհետացել. անհետ կորել է նաև հաշվապահը

 

 

 

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի Ա. Գրիգորյանի անվան դպրոցի ֆոնդից գումարներ են անհետացել: Դպրոցում խոսակցություններ են պտտվում, որ գումարներն անհետացել են հաշվապահի՝ Մարտիկ Մարգարյանի ձեռքով: Ի դեպ, Մարգարյանը ևս անհետացել է, նրա գտնվելու վայրի մասին դպրոցում որևէ մեկը տեղեկություն չունի:

Analitik.am-ի հետ զրույցում Ա. Գրիգորյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ավետիսյանը հաստատեց գումարի անհետանալու փաստը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել նախկին տնօրենի՝ Ֆենյա Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: Վերջինս դպրոցում աշխատել է 2016 թվականից:

«Երբ տնօրենն արձակուրդ գնաց, բացահայտվեց, որ հաշվապահը բավականին մեծ գումարներ է շորթել (ամենայն հավանականությամբ նկատի ունի հափշտակել): Դա մեկ օրում չի եղել, շարունակական բնույթ է կրել: Բացահայտումից հետո դպրոցում աուդիտ նշանակվեց, իսկ արդեն ստուգումներից հետո քրեական գործ հարուցվեց»,-ասաց տիկին Ավետիսյանը՝ հավելելով, որ հաշվապահի մասին մինչ օրս ոչ ոք տեղեկություն չունի:

Մեր զրուցակցի խոսքերով, գումարի անհետացման փաստը ջրի երես դուրս է եկել դեռ հոկտեմբեր ամսին, բայց ոչ ոք չի անդրադարձել խնդրին:

Analitik.am-ը կապ հաստատեց նաև Ա. Գրիգորյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ֆենյա Խաչատրյանի հետ, ով ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չի եղել. «Ես չգիտեմ, չեմ կարող հիմա ինչ-որ բան ասել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել և պատահականության սկզբունքով եմ իմացել կատարվածի մասին:

Միայն մի բան հստակ գիտեմ, որ դպրոցի հաշվապահն ինձ ներկայացրած փաստաթուղթը բանկ տանելու ճանապարհին կեղծել է, իսկ հետ բերելուց նորից հինն է ներկայացրել: Նա հիմնականում աշխատավարձի ֆոնդից է շորթել (ամենայն հավանականությամբ նկատի ունի հափշտակել): Մենք կատարվածի մասին իմացել ենք ուսուցիչների բողոքներից հետո:

Բանն այն է, որ նրանք նախատեսվածից քիչ աշխատավարձ էին ստացել: Հաշվարկային փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ էր, սակայն իր մոտ գտնված փաստաթղթերի մեջ օտար մարդու անուն ազգանուն էր գրված: Հետո իմացանք, որ այդ գումարները հենց իր կնոջ անունով է դուրս հանել»:

Նախկին տնօրենի խոսքերով, բացահայտման հաջորդ օրը գնացել է մարզպետարան ու ոստիկանություն, սակայն իրեն ասել են, որ հաշվապահն այլևս երկրում չէ. «Բազմիցս փորձել եմ կապ հաստատել հաշվապահի ու նրա ընտանիքի անդամների հետ, սակայն նա այս պահին Հայաստանում չէ, իսկ ընտանիքի անդամները զանգերին չեն պատասխանում: Հետո գտա նրա աղջկա ֆեյսբուքյան էջն ու գրեցի, որ գոնե մեր համակարգիչը վերադարձնի, բայց ասաց, որ հայրն իրենց ոչ մի բան չի ասել, իսկ համակարգիչն իր հետ տարել է»:

Մենք փորձեցինք խոսել հաշվապահի կնոջ՝ Նունե Բարսեղյանի հետ, բայց մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին:

 

Օֆելի Իսրայելյան

 

 

Նույն շարքից