Ֆրանսիայի իշխանությունները վիրավորանք են համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին արված խոսքերը:
«Եկե՛ք պարզենք: Դա հայտարարություն չէ, այլ վիրավորանք», - հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը՝ «ավելորդ անվանելով Էրդողանի խոսքերը: Նշված է նաև, որ բացատրություն տալու համար կանչել են Փարիզում Թուրքիայի դեսպանին:
Նոյեմբերի 29-ին Էրդողանն ի պատասխան Մակրոնի՝ ՆԱՏՕ-ին արված հայտարարության՝ հրապարակայնորեն առաջարկել է Մակրոնին «սեփական ուղեղը ստուգել», քանի որ ՆԱՏՕ-ի խնդիրների մասին նման «հիվանդ և մակերեսային» պատկերացում կարող է ունենալ «միայն նա, ում ուղեղը մահացել է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում: Նրա կարծիքով ԱՄՆ-ը հետզհետե ավելի է երես թեքում Եվրոպայից: Ըստ Մակրոնի՝ Եվրպան էլ պետք է արթնանա և ամրապնդի իշխանությունը, քանի որ գտնվում է «անդնդի եզրին»: