Հանրահավաքները պետք է վերսկսվեն, և մենք պետք է կանգնենք իրար կողքի՝ իշխանափոխություն իրականացնելու: Այս մասին այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
Ըստ նրա՝ 7 տարում իշխանությունը քաղաքացու և պետության համար որևէ հարց չլուծեց: Իրավիճակը վատացավ, պետությունը վարկաբեկվեց: «Եթե վաղը պարզվի, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահները ֆեյսբուքյան ընկերներ են, ես չեմ զարմանա: Էլ ոչ մի բան չի զարմացնում: Երկիրը իշխանության համար եկամուտ ստանալու աղբյուր է: Պետության գումարները իրենց գրպանում են, և իրենք դժվարությամբ են հրաժարվում այդ գումարից»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ նրա՝ Հայաստանին մայդան պետք չի, պետք չէ նաև արաբական տարբերակը: «Լավ կլիներ, որ այսօր այստեղ լինեին նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ընդգծեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը: