Քաղաքական 

«Այս իշխանությունները չունեն կարողություն, հնարավորություն ու ցանկություն». Վարդան Օսկանյան

 «2014-ի գլխավոր նպատակը իշխանափոխությունն էր: Ամբողջական իշխանափոխության պահանջը երբևէ այսքան հրատապ չէր եղել: Եղել են քաղաքական ուժեր՝ առանձին կամ միասին, որոնք ձգտել են իշխանափոխության, բայց այսօրվա իրադրությունը բոլորվին այլ է: Սա քմահաճության դրսևորում չէ: Սա պետականության հիմքերը վերջնական խալխլումից փրկելու հրատապ պահանջ է»,- այս մասին այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած  «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին հայտարարեց  ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:


Ըստ նրա՝ այսօր չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ պետք է դրսևորեր ճգնաժամային վիճակում, երկրի կառավարումը թողնված է  ինքնահոսի և  չկա տեսլական:


«Այս իշխանությունների վերջին 7 տարվա գործունությունը ամփոփելիս եզրակացնում ես, որ նրանց մոտ ոչ կարողություն կա, ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն երկրում ինչ-որ բան փոխելու համար:


Վտանգված է երկրի տնտեսությունը: Իշխանությունները կամ չեն գիտակցում իրավիճակը, կամ էլ գիտակցում են, բայց չգիտեն ինչպես լուծել խնդիրը: Նրանք չենք գնում փոփոխությունների, որովհետև չեն կարող հրաժարվել իրենց պաշտոններից:  Երկրում հաստատվել է միակուսակցական իշխանությունը: Աղավաղվել է  տնտեսական և ռազմական դաշտը»,- ասաց Վ. Օսկանյանը:


Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այսօր ՀՀ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքն ու ցանկությունները:  Այսօր մեր անհաջողությունների հիմքում նաև վերջին տարիներին իրականացված արտաքին քաղաքական ձախողումներն են, որոնք կարող են դրսևորվել ավելի երկար ժամանակահատվածում և ավելի քիչ տեսանելի լինել հասարակության համար:


Օսկանյանն իր ելույթում նաև շեշտեց, որ Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խորը փակուղում չի եղել:

«2015 թվական մուտք գործեցինք նախորդ և անցած տարիներից մնացած չլուծված և հրատապ հիմնախնդիրներով: Ժողովրդի վստահության բաժակն արդեն լցվել  և թափվում է: Ես որևէ կոնկրետ ճանապարհային քարտեզ չեմ առաջարկում, դա մի հոգու խնդիր չէ, այդ քարտեզը շուտով կծնվի: Այսօր երկրի վիճակն այնպիսի ճգնաժամային դրսևորում ունի, որ ուղղակի մենք ժամանակ չունենք այն հետաձգելու»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

 

Նույն շարքից