Այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից ու քաղաքականությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին:
Մնացականյանի խոսքերով, եթե կողմերն աշխատում են խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական առաջընթացի, եթե չկա համապատասխան միջավայր, դրա համար պետք է աշխատել միջավայրի ուղղությամբ. «Սակայն միջավայրն այնպիսինն է, որ անհնար է որևէ ճեղքման սպասել այս մեկ միջոցառումից»:
Նախարարը կարծում է՝ շատ էական է, որ ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այն մարդկանցով, ովքեր կարծիք ստեղծող են. «Մենք հնարավորություն ունեցանք, որ ՀՀ-ից երկու հոգի ու Արցախից մեկ հոգի եղան Ադրբեջանում, մասնագիտական հանդիպումներ ունեցան իրենց գործընկերների հետ: Պաշտոնական հանդիպումներ չեն եղել»:
Մնացականյանը նշեց, որ չի ուզում շտապել ու կառուցել բոլոր մնացած քայլերը. «Ես դրական եմ գնահատում տեղի ունեցած փաստը: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է: Ես դրականն եմ տեսնում, որը ցանկանում եմ շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք առաջ քայլ անել դեպի միջավայրի ձևավորմանը, թշնամության մակարդակի վերանայմանը: Սրա համար հետևողականություն է պետք»։