Սա իրողություն է, որի մասին մենք հստակորեն խոսել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով այն թեզի մասին, որ ԼՂ հակամարտության որևէ լուծում պետք է լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների սրտով:
Մնացականյանի խոսքերով, գործընթացում Արցախի անմիջական ներգրավումը պրակտիկ նշանակություն ունի, որովհետև հարցը վերաբերում է արցախցիներին. «Այսօր առկա պայմաններում մենք ստիպված ենք երկու ուղղություններով բանակցել: Ես իմ գործընկեր Մասիս Մայիլյանի (Արցախի ԱԳ նախարար) հետ մշտական կապի մեջ եմ: Մենք բավական մեծ ժամանակ ենք անցկացնում Արցախում, խոսում ղեկավարների հետ: Սա ինչ-որ առումով բանակցային գործընթաց է Արցախի հետ: Սա պրակտիկ առումով ոչ արդյունավետ է, իսկ Արցախի լիարժեք ներգրավումը պրակտիկ նշանակություն ունի»:
Մնացականյանը նշեց, որ հարցի լուծումն՝ առանց Արցախի մասնակցության ու ձայնի, իրողություն է, որն ընդունվել է տարբեր առիթներով. «Վերջին անգամ այդ մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարարը, սակայն այնպես չէ, որ համանախագահող մյուս երկրների համար սա նույնչափ ընկալելի չէ»: