Ռուսաստանում հայտնի մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի պատճառով, որ նրան չեն վերադարձնում վարորդական իրավունքի վկայականը: Այս մասին վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Աղջկա խոսքերով՝ օգոստոսին նա հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վարորդական իրավունքի վերադարձման համար, որից իրեն զրկել էին էպիլեպսիայի ախտորոշման պատճառով: Նա դիմել է վարորդական իրավունքը վերադարձնելու համար, սակայն հրավիրված հանձնաժողովը մերժել է դիմումը: Բաղդասարյանը նման որոշումն անհիմն է համարում․ «Միայն հիմա եմ հասկանում, որ սա պատահականություն չէր, ոչ էլ սխալ: Սա նախատեսված գործողություն է, որպեսզի դիմակայեն ինձ»,-ասել է Մառան՝ կատարվածն անվանելով «անօրինություն» և «հետապնդում»:
Նշվում է, որ Մառան մի քանի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, սահմանված տուգանքներն ուշ է վճարել, ինչի արդյունքում դատարանը նրան ուղարկել է հարկադիր աշխատանքի։ Պատժից խուսափելու համար վերջինս օգտվել է նաև կեղծ փաստաթղթերից, ինչից հետո նշանակվել է ուղղիչ աշխատանքի ևս մեկ տարի։ Ավելի ուշ Բաղդասարյանին վերջնական զրկել են վարորդական իրավունքից։
Աղջկա մոտ ախտորոշվել է էպիլեպսիա, և նա կարող է վկայականը ստանալ միայն բժիշկների համաձայնությամբ։
https://www.instagram.com/p/B5dOwYJjtGj/?utm_source=ig_embed