Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչու՞ աշխարհի հայությունը հետաքրքրված ու ոգևորված չէ Հայաստանում ընթացող գործընթացներով:
«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված տարեկան դրամահավաքի արդյունքները խորը մտորումների ու վերլուծությունների տեղիք են տալիս:
Հանգանակություն կատարողների աշխարհագրությունը փաստում է, որ գործ ունենք համայն հայության կողմից, ըստ էության, անտեսված կամ հետաքրությունը կորցրած գործընթացի հետ:
Այս տարի նույնպես, ինչպես անցած տարի, Ռուսաստանի բիզնես էլիտայի ազգությամբ հայ ներկայացուցիչներն, ըստ էության, բոյկոտեցին հեռուստամարաթոնը: Բացառություն է կազմում Սամվել Կարապետյանը, որի դեպքում գործ ունենք իսկապես բացառիկ գործարարի հետ:
Տարակուսանք է առաջացնում նաև սփյուռքահայության պասիվ դիրքորոշումը:
Իմ տպավորությամբ, այս բոյկոտն ինչպես անցած տարի, այնպես էլ այժմ յուրօրինակ ուղերձ է Հայաստանի իշխանություններին այն մասին, որ ռուսահայ բիզնես էլիտան ոչ միայն հետաքրքրված չէ Հայաստանում մեկնարկած գործընթացների նկատմամբ, այլև ոգևորված էլ չէ։
Ակնհայտ է, որ այսպիսի վարքագծի դրսևորումը չի կարող ամբողջությամբ զերծ լինել որևէ քաղաքական ազդեցությունից, ինչն, անկասկած, բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի ընդհանուր զարգացման վրա։
Հարց է առաջանում. Ինչու՞ աշխարհի հայությունը հետաքրքրված ու ոգևորված չէ Հայաստանում ընթացող գործընթացներով: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. Առանց շոշափելի ներդրումների, Հայաստանը չի զարգանալու:
ԵԱՏՄ երկիր լինելու և այդ կառույցի խաղի կանոններով առաջնորդվելու համատեքստում առնվազն շռայլություն է Ռուսասատանում տնտեսական գործունեություն իրականացնող խոշոր գործարարներին Հայաստանից հեռու պահելու հեռանկարը։ Այդ մարդկանց հետ պետք է աշխատել օրերով, ժամերով: Պետք է գնալ ու բանակցել նրանց հետ, ստեղծել անհրաժեշտ նորմատիվային բազա և նրանց բերել Հայաստան:
Ռուսահայ բիզնես էլիտայի հետ պետք է ստեղծվեն հաղորդակցության այնպիսի հարթակներ, որում հնարավոր կլինի հալեցնելու առաջացած ՛՛սառույցը՛՛, ավելին, պետք է ձևավորվեն այնպիսի հարաբերություններ, որ այդ հնարավոր ներդրողների համար մատչելի, ընդունելի և նպաստավոր լինեն Հայաստանում ստեղծված խաղի նոր կանոնները, այլ կերպ ասած՝ պետք է ստեղծել այնպիսի տնտեսական միջավայր, որ այդ շրջանակների համար արդյունավետ ու ձեռնտու լինի փող բերել Հայաստան և նպաստել Հայատանի զարգացմանը:
Նույն շեշտադրմամբ պետք էաշխատել նաև սփյուռքահայության գործարար հատվածի հետ:
Այլ տարբերակ չկա, Հայաստանում պետք է ստեղծել ստեղծագործական, շինարարական ու արտադրական բում, որ փոխվի երկիրը, որ ապրի երկիրը…»: