Հայաստան Քաղաքական 

ԵԱՀԿ-ն կոչ է արել հակամարտող կողմերին վերսկսել բանակցային գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Հանդիպմանը մասնակցել են դիվանագետներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

«Մենք անհանգստությամբ արձանագրեցինք շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ բնակելի շրջաններում, միջադեպերի թվի աճը: Մենք նախարարի հետ նաեւ քննարկեցինք նման միջադեպերի հավանականության նվազեցման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները: Մասնավորապես, կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ նոյեմբերի 12-ին կործանված ուղղաթիռի միջադեպի կրկնությունը կանխելու համար»,- ասված է հայտարարությունում:

Բռնությունն ու կողմերի միջեւ լարվածությունն ընդգծում են հնարավորինս արագ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ կայուն կարգավորման հասնելու համար: «Մենք նախարարին կոչ արեցինք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի նման բանակցություններ սկսել»,- հայտարարել են համանախագահները:

Նրանք նաեւ նշել են անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման հարցում նախագահների ձեռք բերած պայմանավորվածության իրականացման կարեւորությունը: «ԿԽՄԿ-ի հովանու ներքո տվյալների փոխանակումը կարող է լավ առիթ դառնալ՝ կողմերի միջեւ վստահության ստեղծման եւ խաղաղության գործընթացին նպաստելու համար: Բացի այդ, մենք առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահների միջեւ երկխոսությունը վերականգնելու կոչ արեցինք»,- նշել են դիվանագետները:

 

 

Նույն շարքից