ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը հայտարարել է , որ Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում :
«Մենք նաեւ պատրաստ ենք աջակցել ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է:
Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, եւ մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ:
Իմ կարծիքով, այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում:
Մեր կարևորագույն առաջնահերթությունն է Հայաստանի տնտեսական աճը, ինչպես նաև ապրանքաշրջանառության եւ ներդրումների ավելացումը, քանի որ Հայաստանը դրա կարիքն իրոք ունի:
Մենք բավարարված չենք տնտեսական հարաբերությունների ներկա վիճակով եւ ցանկանում ենք ավելի խոշոր ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում»,-ընդգծել է Ռուբինն ու հավելել. «Երկրորդ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, մի հակամարտություն, որը բացասական, անարդար եւ ցավալի է բոլորի համար եւ այժմ հակամարտության գոտում մահացածների եւ վիրավորների թիվը ամենաբարձրն է պատերազմի ավարտից հետո: Դա նորմալ չէ եւ մենք պատրաստ ենք սերտ աշխատել երկու առաջնորդների հետ:
Մենք գիտակցում ենք, որ չկա մի կախարդական լուծում, մենք գիտակցում ենք, որ սա երկարատեւ ու ծանր հակամարտություն է, սակայն այն չպետք է ընթանա սխալ ուղղությամբ: Կարծում ենք, որ այս տարի կարող է առաջընթացի տարի լինել»: