Քաղաքական 

Ինչո՞ւ նախարարը «թույլ չի տալիս» ԲՀԿ-ական պատգամավորին գնալ ըմբոշխնել ձմեռային երեկոները. ԱԺ-ում քննարկվում է նախադեպը չունեցող խայտառակ մի նախագիծ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահների մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում իրենց լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իրենց համար սահմանադրությամբ սահմանված տարիքի լրանալը կստանան կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, սա ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է,  անձանցից ձերբազատվելու խնդիր չկա, փորձ է արվում ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ցանկացավ իմանալ՝ ինչ չափանիշներով են ընտրվել միայն ՍԴ անդամները. «Ինչո՞ւ նույնը չեք ցանկանում կիրառել մյուս դատավորների նկատմամբ, կամ՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ: Ես էլ կուզենայի իմ 4 տարի 3 ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տան, գնամ Հայաստանի տարբեր գեղատելիս վայրերում ինձ համար ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը»:

Պետրոսյանի համար անհասկանալի է նաև, թե ինչու ընդունվելիք օրենքը չի վերաբերելու նորընտիր երկու դատավորներին, այդ թվում նաև՝ Վահե Գրիգորյանին. «Իսկ դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, հարկատուները պատրաստ են արդյո՞ք վճարել աշխատանք չկատարող դատավորներին»:

Պատգամավորը նաև պահանջեց բացատրել, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը. «Ինձ իմ դասախոսներն ասել են, որ ճգնաժամն այն իրավիճակն է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթները: Այնտեղ մի ճգնաժամ կա՝ Վահե Գրիգորյանն է»:

Ճգնաժամի մասով Բադասյանը հայտարարեց, որ ճգնաժամ ասելով հասկանում են հանրության վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ: Բացի դրանից, նախարարի խոսքերով, ՍԴ մոդելը սխալ են համարում՝ դատավորները պետք է առաջադրվեն երեք մարմնի կողմից՝ Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ՀՀ նախագահ:

Հարկատուների մասով նախարար Բադասյանն ասաց, որ շատ լավ գիտի հարկատուի վերաբերմունքը՝ իր վճարած հարկերին և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների. «Որոշակի մտահոգություններ կան, սակայն հանրությանը պետք է տալ հաջորդ հարցը՝ որքանո՞վ են մարդիկ պատրաստ աշխատավարձ վճարել պաշտոնատար անձանց, ում նկատմամբ հենց քաղաքացիների վստահությունը ցածր է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու նախագիծը չի վերաբերում նորընտիր երկու դատավորներին, նախարարն ասաց՝ քանի որ ՍԴ նոր մոդելն առաջարկվել է 2015 թվականի փոփոխություններով. Երկու դատավորներն ընտրվել են նոր մոդելով, մյուսները՝ հին:

Իսկ ինչո՞ւ է նախագիծը վերաբերում միայն ՍԴ դատավորներին, Բադասյանը հայտարարեց, որ դատարաններում առաջացած ճգնաժամերը լուծելու ուղիներ են փնտրում. «ՍԴ-ի մասով է իրականացվում նախագիծը, քանի որ այստեղ ունենք համեմատաբար նեղ կազմ: Մենք չէինք կարող ամբողջ դատական համակարգի մասով այս կարգավորումը տարածել»:

Ավելի վաղ Պետրոսյանը քննարկվող օրենքն անվանել էր նախադեպը չունեցող խայտառակ մի նախագիծ:

Նույն շարքից