Գլխավոր Քաղաքականություն 

Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Արդարադատության նախարարին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահների մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորները մինչև 2020 թվաիկանի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում իրենց լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իրենց համար սահմանադրությամբ սահմանված տարիքի լրանալը կստանան կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, սա ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է, անձանցից ձերբազատվելու խնդիր չկա, փորձ է արվում ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ցանկացավ իմանալ՝ օրենքի նախագիծը վատթարացնո՞ւմ է դատավորների կարգավիճակը, թե բարելավում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, նախագիծը բարելավում է, քանի որ այն հնարավորություն է տալիս դատավորներին ավելի վաղ անցնելու կենսաթոշակի, քան սահմանված տարիքն է:

«Ինչո՞ւ եք բարելավում դատավորների կարգավիճակը, եթե համարում եք, որ նորմալ չեն աշխատում: Եթե նորմալ է աշխատում, թողեք թող աշխատեն, եթե վատ է աշխատում, պատժեք, ոչ թե խրախուսեք: Այսինքն, ձեզ համար անվսստահություն ներշնչող դատավորներին ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք:

Հարգելի պարոն նախարար, ես Ձեզ հարգում եմ որպես իմ նախկին ուսանող և որպես գործող նախարար: Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս: Իմա՞ստը: Եթե անվստահություն է ներշնչում, պատժեք»:

Պետրոսյանի համար նաև անհասկանալի է այն, թե ինչու են նախարարությունից նախագծի հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով, եթե նույն Հրայր Թովմասյանին մեղադրում էին դրսից տղա բերելու մեջ, երբ վերջինս այլ հարցով դիմեց նույն Վենետիկի հանձնաժողովին. «Խնդրում եմ հետևել Նիկոլ Փաշինյանի կանոնին և բացառել ստախոսությունը: Եթե կա ՍԴ-ն ազատելու ոչ ցանկալի անձանցից և համալրել ցանկալիներով, բաց ասեք: Իմ անձնական կարծիքով, այս նախագծի թիկունքում կա ՍԴ-ն անցանկալի անձանցից ազատվելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու խնդիր»:

Նույն շարքից