Հասարակություն 

ՁԻԱՀ-ի կենտրոնի հակառետրովիրուսային դեղերը չե՞ն հերիքում

analitik.am

1988-2019 թ․թ հոկտեմբերի 31-ը Հայաստանում՝ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3694 դեպք, որոնցից 429-ը՝ 2018 թվականի ընթացքում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքէջից:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2562 մարդ (69 տոկոս), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1132 դեպք (31 տոկոս): ՄԻԱՎ վարակի 61 դեպք (1,7 տոկոս) է արձանագրվել երեխաների մոտ:

Analitik.am-ի զրուցակիցը միջին տարիքի անձ է, ով 2-3 տարի առաջ է իմացել, որ պատահաբար վարակված է  ՄԻԱՎ-ով: Ունենալով պետական համակարգում աշխատանք՝ մեքենայաբար դուրս է եկել աշխատանքից, այժմ ևս աշխատում է, սակայն շատ քչերին է հայտնի նրա կարգավիճակի մասին:

«Նախ ասեմ, ովքեր իմանում եմ, խտրական վերաբերմունք կա, կանխակալ են՝ անկախ ամեն ինչից: Հասկացա, որ չեմ կարող իմ կարգավիճակի մասին բարձրաձայնել։ Միայն հարազատներս ու շատ մոտիկ ընկերներ գիտեն: Ես էլ ո՞ւր գնամ։ Պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Արամը (անունը փոխված է, հեղ.):

Նա նշեց, որ այժմ ընդհանուր առմամբ, իրեն լավ է զգում, սակայն հոգնածությունը՝ հատկապես աշխատանքային օրվանից հետո, զգացնել է տալիս:

«Դեղերը կենտրոնը տալիս է: Նախկինում 6 ամսով էին տալիս, հետո դարձավ 4 ամիս, հիմա 3 ամսով: Կենտրոնից պատճառաբանում են, որ դեղերը քիչ են: 3 ամիսը մեկ անգամ գնում ստանում եմ»,-ասաց նա և հավելեց, որ կենտրոնում տարին երկու անգամ արյան հետազոտություն են անում, սակայն արդյունքների մասին չեն տեղեկացնում:

«Կարծես թե հետազոտությունները հիմնականում «ատչյոտի» համար են անում, ոչ թե մեզ համար: Ու ավելի շատ փիառի և շուխուռի վրա է ամեն ինչ, քան իրական օգնությունն է ՄԻԱՎ վարակակիրներին: Ես իրական օգնություն չեմ տեսնում»,-ասաց նա:

Արամը նաև պատմեց, որ ամիսներ առաջ ինչ-որ ՀԿ-ից, որի անունն անգամ չի հիշում, զանգահարել են իրեն և պարզվել է, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը կարող է իր պացիենտների հեռախոսահամարները ՀԿ-ների փոխանցել․ «Սա ևս մեկ փաստ է, որ ՁԻԱՀ կենտրոնի կողմից խախտվում են պացիենտի գաղտնիության սկզբունքը»,-ասաց Արամը:

Նա հաղորդեց, որ հիվանդությունն իր մոտ կոնսերվացված է. «Ես ինքս ինձ վրա զգացել եմ կանխակալ վերաբերմունքը, ահավոր է, ստիպված լռում եմ, երբ հիվանդանոց եմ գնում, բայց միշտ և ամեն տեղ պահպանում եմ անվտանգության կանոնները»:

Ինչ վերաբերում է վարակման աղբյուրին, համոզված է, որ երևանյան հիվանդանոցներից մեկում է  վարակվել, քանի որ այլ ճանապարհ չի մտաբերում. այդ շրջանում նա և՛ ատամնաբուժարան է  այցելել, և՛ վիրահատվել է:

Արամը նաև հիշեց հիվանդացածության դեպքերի մասին, որոնց աղբյորը հիվանդանոցն է եղել. ՄԻԱՎ, հեպատիտ Բ, հեպատիտ Ց և այլն:

«ՄԻԱՎ կարգավիճակ ունեցողների առողջապահական ծառայությունները ևս անվճար չեն՝ բացի հակառետրովիրուսաին դեղերից և կենտրոնում արյան անալիզից։ Մնացած դեպքերում վճարում են պացիենտները: Որևէ արտոնություն չկա»,-շեշտեց Արամը:

Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի աշխատանքին, նա ասաց, որ ամեն օր վազվզում են մարզերով, ինչ-որ գործեր են անում, սակայն համոզված է, որ առանձնապես որևէ արդյունք չկա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ը նշվում է ՁԻԱՀ կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դեմ պայքարի օր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այսօր աշխարհում 37,9 մլն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով, նրանց քառորդ մասը չգիտի իր կարգավիճակի մասին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից