Քաղաքականություն 

Ես չեմ կիսում պարոն Ծառուկյանի տեսակետը. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Ես ընդունել եմ արտասահմանից եկած մարդկանց, ովքեր զբաղվում են ադամանդագործությամբ, նրանցից եղան մարդիկ, ովքեր ասացին՝ տարիներ առաջ եղել են Հայաստանում: Նրանք պատմում էին, թե ինչ է եղել, երբ ուզեցել են գործարան հիմնել: Ում մոտ գնացել են, բոլորը ցանկացել են փայ մտնել: Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ հրաժարվելով անուններ նշել:

Գործարարը հայտարարեց, որ այսօր այլ իրավիճակ է՝ հավասար պայմաններ կան գործարարների համար:

Սուքիասյանը չի կիսում Գագիկ Ծառուկյանի այն տեսակետը, որ Հայաստանում ներդրումների համար բավարար պայմաններ չկան. «Ես իմ կարծիքն ունեմ, նա իր կարծիքն ունի: Եթե նա ասում է, որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրներով զբաղվել, որպեսզի դրանք չլինեն: Ես պետք է իմանամ, թե որ ճյուղերի մասին է նա ասում»:

Գործարարի խոսքերով, եթե խոսքը հողի կատեգորիայի փոփոխության մասին է, դա արդեն այլ ինստիտուտ է:

Մեկ պատուհանի սկզբունքի մասով Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ այն կլինի. «Բայց ես չեմ կարծում, որ հիմա գործարարներն օրենքից դուրս խնդիրներ են ունենում: Լինում են դեպքեր, որ իմ ընկերներն էլ են ասում, որ այսպիսի բան կա, հետո ճշտում ենք ու իմանում, որ էմոցիոնալ է ասվել, նման բան չկա»:

Գործարարը, խոսելով տնտեսական հեղափոխության մասին, հայտարարեց՝ եթե կոռուպցիան վերացված է, հավասար պայմաններ կան, հակամենաշնորհային գործիքները գործում են, արդեն հեղափոխություն է, ուղղակի մարդիկ պետք է համոզվեն, որ ազատությունը կա. «Չմտածեք, որ Հայաստանում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի մասշտաբներով ներդրումներ պետք է լինեն: Այստեղ պետք է լինեն բազմազան ներդրումներ, քանի որ դաշտն ազատ է»:

Նույն շարքից