Բաքվում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ կողմերը խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
Լավրովի հետ հանդիպմանն Ալիևը բողոքել է հայկական կողմից՝ հայտարարելով, որ բանակցություններում շոշափելի արդյունք չի գրանցվել, ինչի մեղավորը հայկական կողմն է: Նա մատնանշել է հատկապես Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստանն է:
Լավրովն իր հերթին նշել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է, որ կյանքի կոչվեն Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է վստահության մթնոլորտի ստեղծմանը, մարդասիրական կապերի հաստատմանը, այդ թվում նաև լրատվամիջոցների մասով:
ՌԴ ԱԳ նախարարը նաև կարևոր է համարել, որ կողմերը չանեն հայտարարություններ, որոնք կհակասեն երկրների կողմից հաստատված հիմնարար սկզբունքներին: