Ադրբեջանում այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, ինչը նրա խոսքերով հումանիտար միջոցառումների մի մասն է:
«Ես կարծում է, որ դա շատ կարևոր է, քանի որ հակամարտության որևէ լուծման մասով որոշումը պետք է կայացնեն Հայաստանում, Ղարաբաղում, Ադրբեջանում ապրող մարդիկ: Որքան մոտիկից մարդիկ շփվեն իրար հետ, այդքան օբյեկտիվ լրագրողները կլուսաբանեն այն, ինչ կատարվում է շփման գծի այս ու այն կողմերում: Սա էլ կօգնի ընդհանուր հայտարարի գալ, ինչը կնպաստի, որ հնարավոր պայմանավորվածությունը ամուր լինի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը մեկնաբանել է նաև Արցախի հայերի և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» միջև շփումների վերականգնման հարցը՝ հայտարարելով, որ դա շատ հեռանկարային թեմա է, քանի որ արդյունքում հենց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու հետագայում: