Հասարակություն 

Կոպիտ ասած՝ կարանք, պարոն վարչապետին տուպիկ քցենք, սարքի, բայց պետք չէ. Սամվել

Ճանապարհի հարցը գլոբալ հարց էր, որը լուծվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Սիս գյուղի հայտնի փոքրիկը, ով ամիսներ առաջ բարձրացրել էր գյուղի ճանապարհների խնդիրը:

Հարցին, թե ուրիշ ինչ գլոբալ հարց կա, տղան ասաց, որ այլ մեծ հարց չեն ուզում ներկայացնել: Նրա խոսքերով, եթե սպասեն, որ ուրիշները լուծեն իրենց հարցերն, առաջ չեն գնա, միակ մեծ խնդիրը եղել է ճանապարհը, հարցը հիմա լուծված է, իրենք իրենց երազած գյուղը ստեղծելու են. «Մենք դա անելու ենք մեր գյուղապետի ու համայնքի հետ»:

Փոքրիկն ասաց, որ գյուղապետին տեղյակ է պահել, որ այսուհետ վարչապետից որևէ բան չի ուզելու. «Ես հայկ ձյային ասել եմ, որ էլ ոչ մի բան չեմ ուզելու: Նա էլ ասել է, որ շատ ճիշտ եմ անելու»:

Տղան ասաց, որ շատ պլաններ ունեն, եկեղեցու հատակագիծն արդեն կա, այգու նման ինչ-որ բան է սարքվելու, որ գնան նստեն:

Փոքրիկն ասաց, որ գյուղի հետ կապված բոլոր հարցերին հետևում է, ընդհանուր էջ կա, հետևում է էջին, գյուղին, ինչպես նաև գյուղապետ Հայկ ձյային:

Սամվելն ասաց, որ դեռ չգիտի, թե ինչ է դառնալու, երբ մեծանա, դա հետո կերևա, սակայն մի բանում վստահ է՝ գյուղից դուրս չի ապրելու:

Փոքրիկ տղան նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են իրենց երազած գյուղն ունենալու համար. «Կոպիտ ասած՝ կարանք, պարոն վարչապետին տուպիկ քցենք, սարքի, բայց պետք չէ: Մի անգամ չհասկանալով արեցինք, հիմա էլ չենք անի»:

Սամվելը չի ուզում կառավարությունում աշխատել, քանի որ չի ուզում, որ մի օր էլ իր նման որևէ մեկն իրեն տուպիկ քցի:

Նույն շարքից