Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանը ստել է և շարունակում է ստել․ Անի Հովհաննիսյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ստել է և շարունակում է ստել․ Իր իշխանությունը կապ չունի ժողովրդավարության հետ, ինչպես նախկին բոլոր իշխանությունները

Ես կհասկանայի ոստիկանության կողմից երիտասարդներին ուժով հեռացնելու, նրանց բերման ենթարկելու պահվածքը, եթե դա լիներ ոստիկանության որդեգրած քաղաքականությունն առհասարակ։ Սակայն, երբ 2018 թվականին փողոցները փակել էին և թույլ չէին տալիս անգամ շտապ օգնության մեքենաներն անցնեին, դա ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով էր, վերջինս դա համարում էր ժողովրդավարության դրսևորում։

Ստացվում է, որ ըստ ներկայիս իշխանության տրամաբանության, 2018-ի գարնանը, եթե ոստիկանությունը ցրեր ցուցարարներին, ուժի գործադրմամբ բացեր փողոցը, բերման ենթարկեր ցուցարարներին, դա կդիտարկվեր ժողովրդավարական արժեքների ոտնահարում։ Սակայն, այօսր իշխանությունը դա համարում է նորմալ։

Այն տեսակետը, թե այն ժամանակ ամբողջ ազգն էր ոտքի ելել, միանգամից անհիմն է, քանի որ՝ նախ ամբողջ ազգը չէր ոտքի ելել, բացի այդ, ըստՀՀ Սահմանադրության, մարդը համարվում է բարձրագույն արժեք, երաշխավորված է նույնիսկ մի անձի բողոքի ցույցեր, ակցիաներ իրականացնելու իրավունքը։ Ստացվում է, որ էական չէ 10 000 հոգի են փողոցը փակում, թե 1 հոգի, ոստիկանությունը երկու դեպքում էլ պետք է արձագանքի նույն կերպ։ Չի կարող ոստիկանությունն օրինական համարել 100 հոգու կողմից փողոց փակելը և ոչինչ չձեռնարկել, բայց 10 հոգու կողմից փողոց փակելը համարել անօրինական և ուժի գործադրմամբ ցրել։

Պետական շինությունների ելումուտը փակելու մասով՝ հիշեցնեմ, որ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել ՀՀ ԱԺ-ն, ոստիկանությունը ոչինչ չարեց, ոչ ոքի չցրեց, այնուհետև նույն Փաշինյանը կոչ արեց փակել ՀՀ դատարանների ելումուտը։

Ի՞նչ է ստացվում, որ Հայաստանում փողոց, պետական շինություն փակելու, առհասարակ բողոքելու իրավունք ունի միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը և իր մերձավոր շրջապա՞տը։ Եթե վարչապետն է կոչ անում փակել, շրջափակել և այլն, ուրեմն նորմալ է, օրինական է, եթե այլ քաղաքացիներ են բողոքի ակցիա անում, ուրեմն աննորմալ է, անօրինական է, պետք է ուժով ցրել։

Այսօր իմ աչքերով տեսածից հետո ես կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանը ստել է և շարունակում է ստել՝ իր ղեկավարած կառավարությունը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ, ինչպես նախկին բոլոր կառավարությունները։ Ես պնդում եմ, որ ոստիկանությունն իրավունք չունի ուժ գործադրել, երբ մարդիկ արտահայտում են իրենց արդարացի պահանջը՝ իրենք հարկ են վճարում և ուզում են իրենց ծառայի այն մարդն, ում իրենք են ուզում։ Որևէ մեկը՝ ոչ հները, ոչ նորերն իրենց հայրական տանից չեն ժառանգել իրենց պաշտոններն ու աթոռները, որ հարկատուների գումարներից վճարվող ոստիկանության շնորհիվ պահեն դրանք։ Եթե ուսանողները չեն ուզում, որ ԿԳՄՍ նախարար լինի այս կամ այն մարդն, ուրեմն պիտի չլինի։

Այսօր նաև փաստվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանություններից՝ ավելին՝ շատ ավելի վատն է։ Այսօր ես իմ աչքերով տեսա, թե ինչ քանակի ոստիականական ուժեր էին կենտրոնացնել ԿԳՄՍ նախարարության դիմաց հանուն նրա, որ Արայիկ Հարությունյանը պահի իր պաշտոնը։

Եվ ուրեմն, հանգիստ նստեք տեղներդ, ու եթե կարող եք գործ արեք, եթե ոչ, ապա նախկինների վրա մի բարդեք ձեր ապիկարությունը, որովհետև դուք նրանցից ոչնչով լավը չեք»:

Նույն շարքից