Հայաստան Քաղաքական 

Քաղաքապետի խոսնակը՝ Հայկ Մարությանի և թագաժառանգի ներկայացուցիչների հանդիպման մասին

«Թեեւ «շեյխ-գեյթ»-ը հեռուստաընկերություններից մեկի համապատասխան ռեպորտաժից հետո լուրջ տոնով քննարկելը դժվար է, բայց փորձեմ մի երկու դիտարկում ներկայացնել, որ ինձ փոխանցեցին պաշտոնական արարողակարգի մասնագետ ընկերները:

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ քաղաքապետը եւ գլխավոր ճարտարապետն ընդունել են Աբու Դաբիից եկած հյուրերին պաշտոնական արարողակարգով, թեեւ, հյուրերի խնդրանքով հանդիպումը նշանակված էր կիրակի օրը:

Եվ այսպես, ըստ արարողակարգի.

1.Հանդիպման նման մակարդակի դեպքում հյուրերը սպասում են հանդիպման սրահում, այնուհետ ներս է մտնում Երեւանի քաղաքապետը, ողջունում է հյուրերին, հրավիրում նստելու եւ սկսում է հանդիպումը,

2.Եթե հյուրը լիներ, օրինակ, Դուբայի քաղաքապետը, Երեւանի քաղաքապետն, ըստ արարողակարգի, կդիմավորեր հանդիսավոր կերպով՝ շենքի մուտքի մոտ, ուղեգորգի վրա,

3.Միջազգային արարողակարգի ամենատարրական կանոնների համաձայն, հանդիպումից առաջ բոլոր կողմերը հեռախոսներն անջատում են,

4.Որպես կանոն, հանդիպումից առաջ հյուրընկալվող կողմը ճշտում է «դրես-կոդը», եւ հագնվում համապատասխան (կամ անհնարինության դեպքում՝ զգուշացնում է դրա մասին)։

Սա՝ մանրամասները: Իսկ ընդհանուր առմամբ, նման գործնական հանդիպումների ընթացքում ոչ միայն քննարկվում են հյուրերի առաջարկները, այլեւ քաղաքային իշխանությունն իր կողմից խորհուրդներ է տալիս եւ հուշումներ անում՝ փորձելով հնարավորինս աջակցել պոտենցիալ ներդրողին: Ինչը եւ արվել է կոնկրետ այս դեպքում՝ անկախ քննարկման առարկա դարձած անհարթություններից»:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

 

Նույն շարքից