Դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի, եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: