Հայաստան Քաղաքական 

Մեծերի գործերին մի խառնվեք. Խորհրդարանում կրքերը կրկին թեժ են

Խորհրդարանում կրքերը կրկին թեժ են, իսկ թեժացնողները ԲՀԿ-ական ու Իմ քայլի պատգամավորներն են:

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ նիստի ժամանակ Իմ քայլի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի քար լռության պայմաններում, շեղվելով քննարկվող հարցից, պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Երևանի քաղաքապետի և թագաժառանգի արդեն «լեգենդար» դարձած հանդիպմանը:

Հակոբյանը մասնավորապես հայտարարեց, որ իր գործընկերն իրեն չսազական բաներ է անում, նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում:

Պատգամավորն ասաց, որ հարգանքով է մոտենում շեյխերին, նրանց որդիներին, եղբայրներին, մորքուրի զավակներին և այլն, սակայն որևէ մեկն իրավունք չունի գալ ամբիոնի մոտ ու նման պահվածք դրսևորել. «Սա արջի ծառայություն է պարոն Ծառուկյանին: Ես չգիտեմ, թե ինչ քննարկումների արդյունքում են ծնվում նման մտքերը, բայց եթե անգամ դա քննարկումների արդյունք է, ուզում եմ ասել, որ դա սխալ է, դուք սխալ ուղու վրա եք: Դա ճիշտ տեղ չի տանում»:

Ավելի ուշ իմքայլականի հայտարարությանը պատասխանեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտարարեց, որ մի անգամ արդեն ասել է՝ ԱԺ-ն ցուցումներ տալու, ինչ-որ բաներ անելու տեղ չէ. «Եթե կա դիսկուրս, պետք է բարի լինենք լսենք: Նախ ասեմ, որ ԱԺ նախագահությունը պետք է թույլ չտա թեմայից շեղվել, հակառակ դեպքում բոլորը կշեղվեն: Այն, ինչն ասվել է, ճիշտ է եղել: Պետք չէ, որ մեկս մյուսին արձագանքենք, «Արձագանք» ձայնագրման ստուդիա ցուցադրենք: Թող որևէ մեկը ցուցում, խորհուրդ չտա, մեծավարի բաներ չանի: Շատ շատերն էլ մեծերի գործերին չխառնվեն: Ես չեմ ուզում ասել, որ պետք է քաղաքական ճանապարհ անցնել, վաստակ ունենալ»:

Մելքումյանը հայտարարեց, որ ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է, ինչը կապացուցվի հրապարակվելիք թվերում. «Ներդրողների հետ աշխատելու համար պետք է անհրաժեշտ մակարդակ ցուցաբերել: ԲՀԿ-ին որևէ մեկը թող ցուցում չտա»:

Մելքումյանի ելույթից հետո Լենա Նազարյանը հիշեց, որ իրավունք ունի արգելելու շեղվել թեմայից, ինչի մասին հիշեցրեց ԲՀԿ-ականին:

Մելքումյանին պատասխանեց Նիկոլ Փաշինայնի աներորդին՝ Իմ քայլի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հայտարարելով, որ ԱԺ-ում չկան մեծեր ու փոքրեր, պետք չէ խառնվել-չխառնվելուց խոսել:

Նույն շարքից