Գլխավոր Հասարակություն 

Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Ղարաբաղ, նա կլինի մեր հյուրը, կկարողանա մուղամ լսել՝ իրականացնելով իր երազանքը. Աննա Հակոբյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանի առաջին տիկնոջ արձագանքն իր՝ խաղաղությանն ուղղված գործողություններին միշտ ագրեսիվ է լինում. «Մինչ այժմ նրանից արձագանք չկա, որ նա օրինակ միանում է «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին, կամ ինքը նույնպես այդ ուղերձի կրողն է: Ես չգիտեմ, թե ինչն է դրա պատճառը: Ես դժվար եմ պատկերացնում կին ու մայր, ով կխոսի պատերազմի օգտին»:

Հակոբյանը խոսեց նաև Ալիևայի հայտարարության մասին, որ ինքն ուզում է «մուղամ» լսել Արցախում. «Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է գրել, բայց հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, նա կարող է լինել մեր հյուրը, մենք գիտենք, թե ինչպես պետք է ընդունել հյուրին ու հարգել նրան: Ընդունված է, որ մենք մեր հյուրին հարգում ենք նաև երաժշտությամբ, մենք կարող ենք իր համար «մուղամ» ապահովել, իրականացնել նրա երազանքը՝ լինել մեր հյուրը Ստեփանակերտում լսի իր «մուղամը»: Եթե նա ընդունի հրավերը, ես պատրաստ եմ Բաքվում հյուր լինել:

Բայց եթե նա նկատի ունի պատերազմի միջոցով Արցախում մուղամ լսելը, ես վստահեցնում եմ, որ այն անկատար կմնա: Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանք մուղամ չեն կարող լսել: Նրանք Արցախում մուղամ լսելու համար ունեն մեկ ճանապարհ՝ խաղաղություն, փոխադարձ այցեր և այլն: Սա այս պահին միգուցե ռեալ չի հնչում, սակայն սա ֆանտազիա չէ, աշխարհում այլ երկրներ, ունենալով ավելի երկար տարիների թշնամություն, այսօր առանց սահմանների ապրում են կողք կողքի: Եթե դա հաջողվել է Եվրոպայում, ինչո՞ւ մենք չենք կարող անել: Ուղղակի դրա համար Ադրբեջանի ժողովուրդը քաղաքական կամք պետք է ուենա, թոթափի պատերազմելու մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով լավ տեղ չի հասնի»:

Հակոբյանն ասաց, որ իր հրավերը լուրջ է:

Նույն շարքից