Հասարակություն 

Մահացել է Մաքսիմ Մարտիրոսյանը

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը:

Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երեւանում: 1950 թ. ավարտել է Երեւանի, 1952 թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67 թթ. եղել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, 1967-71 թթ. եւ 1988-89 թթ.` գլխավոր բալետմայստեր: 1952-59 թթ. Երեւանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71 թթ.` գեղարվեստական ղեկավարը, 1987 թվականից` գլխավոր խորհրդատու, 1971-87 թթ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78 թթ. աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97 թթ. եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից` Երեւանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Հանդես է եկել հետեւյալ բալետային ներկայացումներում` Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) եւ այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970 թ., Վորոնեժում` 1971 թ., Ուլան Ուդեում` 1973 թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984 թ.), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977 թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989 թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977 թ.), Ս. Պրոկոֆեւի «Մոխրոտ» (1998 թ.), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002 թ.), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004 թ.), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983 թ., Մոսկվայի Մեծ թատրոն) եւ այլն:

Մաքսիմ Մարտիրոսյանի աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը եւ ուրիշներ: 1960 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973 թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երեւանում:

Մաքսիմ Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը:

Նույն շարքից