Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը. հրապարակվել է փաստաթուղթ

analitik.am

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի մասնակիցներին, որը բացվում է Բրատիսլավայում հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, տեղեկացնում է Minval.az-ը:

Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter- ում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանձնառու է լուծել հակամարտությունը քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Այսօր Բրատիսլավայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: 

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասվում է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:

Փաստաթղթում նշվում է.

«Առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներից:

Դրան պետք է հաջորդեն բռնի տեղահանված Ադրբեջանի բնակչության վերադարձը՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացումը:

Հաջորդ փուլն Ադրբեջանը տեսնում է իր կազմում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի որոշումը՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն:

Նման կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը հավասար և ոչ խտրական հիմունքներով»:

«Կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում՝ իրավական գործընթացի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, և Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցությամբ՝ բացառապես իրավական և ժողովրդավարական գործընթացի շրջանակներում», - նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթի եզրափակիչ մասում նաև ասվում է, որ Ադրբեջանը վերը նշված շրջանակից դուրս հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում:

Aysor.am

Նույն շարքից