Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սյունիքի մարզպետարանի հաշվեկշռից անհետացել են 2016 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նվիրած 3 Շեվրոլե-նիվա ավտոմեքենաները:
Analitik.am-ի հետ զրույցում վերոնշյալ տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արմինե Ավագյանը:
Նա հայտնեց, որ նշված 3 Շեվրոլե-նիվա ավտոմեքենաները մարզպետարանի հաշվեկշռում չկան, իսկ թե եղել են այդ ավտոմեքենաները կամ ինչ են եղել՝ որևէ տեղեկություն չհաղորդեց․ «Մարզպետարանի հաշվեկշռում նման մեքենաներ չեն եղել»,-ասաց Ավագյանը:
Նա նաև նշեց, որ մարզպետարանի կայքէջում երեք մեքենա նվիրելու վերաբերյալ նյութ կա, սակայն փաստացի մարզպետարանի հաշվեկշռում նման մեքենաներ չեն եղել:

Analitik.am-ի հետ զրույցում «Զբոսավարներ հարավից» ընկերության ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը նշեց, որ ինքը լավ է հիշում այդ երեք մեքենաները և նվիրատվության օրը, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կատարել էր․ «Հիշում եմ, այդ օրը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները դուրս էին եկել մուտքի մոտ և մասնակցում էին միջոցառմանը: Անգամ մեքենաններն եմ հիշում»,-ասաց նա:
Իսկ թե այժմ ի՞նչ են եղել մեքենաները, նա ևս տեղյակ չէր:
Գոհար Ստեփանյան