2008 թվականի մարաթոնին խոստացվել է 35 միլիոն դոլար, սակայն փոխանցվել է 9 միլիոն: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով, պետք է հասկանալ Մարաթոնի էությունը մինչև հեղափոխությունը. «Վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են օլիգարխներից խնդրել, մուրացել, սպառնացել են, տարբեր լծակներով նույն մարդկանցից 30 տարի փող են հավաքել, կամ ասել են, որ խոստանան: Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել, որ Հայաստան համահայկական հիմնադրամն իրոք դառնա այդպիսին»:
«Իր գոյության ողջ ընթացքում հիմնադրամը հավաքել է 350 միլիոն դոլար։ Սա ազգային խայտառակություն է: Այն չի եղել համահայկական հիմնադրամ: Այն եղել է նեղ շրջանակի հիմնադրամ: Այդ շրջանակում եղել են նաև նվիրյալ մարդիկ, ովքեր ամեն տարի գումար են տվել: Այս տարին զրոյական կետ է: Մենք ուզում ենք, որ հիմնադրամն իրոք լինի ազգային հիմնադրամ: Մենք ուզում ենք, որ դրամահավաքին մասնակցեն միլիոնավոր հայեր»:
Այս տարի ավելի քիչ գումար հավաքելու հարցում գործոններից մյուսը Փաշինյանի խոսքերով, Արա Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործն է. «Հավատացեք, որ նվիրատուների համար հաճելի չէ, երբ իմանում են, որ իրենց տված գումարները գողացել են: Պետք չէ հիմնադրամի այսօրվա հավաքածը համեմատալ նախկինների հետ: Մենք զրոյից ենք ստեղծում ու կստեղծենք»: