Հասարակություն 

Պարզաբանում

Պարզաբանում՝ Analitik.am«ՁԻԱՀ-ի կենտրոնի հակառետրովիրուսային դեղերը չե՞ն հերիքում» վերնագրով նյութի վերաբերյալ:

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 07.08.2017թ. No 2429-Ա  հրամանով հաստատված «Հակառետրո­վիրու­սային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխար­գելման» կլինիկական ուղեցույցի, որը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին (ԱՀԿ) համապատասխան:

ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնության կարիքները լինում են տարբեր, ինչից ելնելով կիրառվում է ԱՀԿ-ի կողմից առաջարկված տարբերակված բժշկական օգնության մոտեցումը: Ըստ այդմ՝ ՄԻԱՎ վարակով պացիենտներին դեղերի տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել կախված կոնկրետ պացիենտի բուժման և վարման հետ կապված մի շարք առանձնահատկություններից և հանգամանքներից, մասնավորապես՝ պացիենտի առկա կլինիկական վիճակից, բուժման սխեմայի փոփոխությունից, դեղերի ընդունման կարգը պահպանելու պարտաճանաչությունից և այլն:  Ինչ վերաբերում է «դեղերը քիչ» լինելուն, ապա հարկ է նշել, որ  տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած ժամանակահատվածում գործընթացների արդյունավետ կառավարման շնորհիվ Հայաստանում երբևէ չի եղել հակառետրովիրուսային բուժման ընդհատում: Դեղերի նոր խմբաքանակի գնման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է:

ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողության շրջանակում, համաձայն վերոնշյալ ուղեցույցի, սահմանված հաճախականությամբ իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ պացիենտի ընդհանուր վիճակը, բուժման արդյունավետությունը գնահատելու, դեղերի կողմնակի ազդեցությունները հայտնաբերելու և շտկելու նպատակով: Հետազոտությունների հաճախականությունը նույնպես կախված է մի շարք հանգամանքներից՝ պացիենտի ընդհանուր վիճակից, հիվանդության կլինիկական ընթացքից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից և այլն: Իրականացվող հետազոտություններն ինքնանպատակ չեն: Հայտնաբերված շեղումների և դրանցով պայմանավորված հետագա լրացուցիչ հետազոտություններ անցնելու մասին անխտիր բոլոր պացիենտները տեղեկացվում են բժշկի կողմից:

ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից պացիենտի գաղտնիության սկզբունքի խախտման առնչությամբ հարկ է նշել, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի բոլոր աշխատակիցները քաջատեղյակ են պացիենտի անձնական տվյալ և բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության մշակման առանձնահատկություններին, ինչպես նաև այդ տեղեկատվության չբացահայտման հետ կապված պարտականությունները չկատա­րելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանված պատասխանատ­վության ենթարկվելու վերաբերյալ իրավական նորմերին։ Իսկ եթե կա կոնկրետ անձի կողմից պացիենտի գաղտնիության սկզբունքի խախտման վերաբերյալ ինֆորմացիա, ապա այն ստանալուն պես պատրաստ ենք գործող օրենսդրությանը համապատասխան ընթացք տալ կատարվածին:

Հոդվածի հերոսի այն հայտարարությունը, թե հիվանդությունն իր մոտ «կոնսերվացված է», վկայում է նրա մոտ բուժման արդյունավետության մասին և հակասում է նրա մյուս հայտարարությանը, թե ինքն «իրական օգնություն չի տեսնում»:

Երևանյան հիվանդանոցներից մեկում վարակված լինելու պնդման առումով նշենք, որ վերջին 18 տարիներին հանրապետության բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Իսկ իրականում քիչ չեն դեպքերը, երբ ոչ անվտանգ վարքագծի հետևանքով վարակումը պացիենտները փորձում են քողարկել նմանատիպ հայտարարություններով:

ՄԻԱՎ վարակով պացիենտներին դիսպանսերային հսկողության ծառայության շրջանակում տրամադրվում են բազմաթիվ անվճար ենթածառայություններ՝ ՀՌՎ բուժում և բուժման լաբորատոր մոնիտորինգ, օպորտունիստական վարակների ախտորոշում, կանխարգելում և բուժում, բժշկական խորհրդատվություն, ՀՌՎ դեղերի տրամադրում, նեղ մասնա­գի­տա­կան բժշկական օգնություն (մաշկավեներաբանական, գինեկոլոգիական, սեքսապաթո­լոգիական, ֆթիզիատրիկ), համակցված վարակների կառավարում, այդ թվում հե­պատիտ Բ-ի դեմ պատվաստումներ և բուժում, տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում, լաբորատոր-գործիքային հետազոտություններ (CD4+ լիմֆոցիտ­ների քանակի և վիրուսային ծանրաբեռնվածության որոշում, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետա­զոտություն, ուլտրաձայնային հետազոտություններ, կրծքավանդակի ռենտգե­նաբա­նական քննություն, տուբերկուլոզի վերաբերյալ խորխի հետազոտություն պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով, ըստ անհրաժեշտության ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների որոշման հետազոտություններ, վիրու­սային Բ և Ց հեպատիտների, սեռա­վարակների և այլ ուղեկցող վարակների վերաբերյալ հետազո­տութ­յուններ, հոգեբանական, սոցիալական, իրավա­կան հարցերով խորհրդատվություն:

ՁԻԱՀ-ի կենտրոնը ԱՆ ենթակայության այն պետական կազմակերպությունն է, որն իրականացնում է աշխատանքներ հանրապետության ողջ տարածքում, նաև Արցախի հանրապետությունում: Կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախ­տո­րոշում, ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում, ՄԻԱՎ վարակով  պացիենտների դիսպանսերային հսկողություն, ՀՌՎ բուժում և բուժման մոնիտորինգ, օպորտունիստական և ուղեկցող հիվանդությունների ախտորոշում, օպորտունիս­տական հիվանդությունների կանխարգելում և ամբուլատոր բուժում, ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարա­կաբանական հսկողություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգ և գնահատում: ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտները, նաև նրանց հարազատները ստանում են հոգեբանասոցիալական և իրավական հարցերով խորհրդատվություն:  Իսկ մարզերում տարվող աշխատանքների արդյունավետության մասին խոսում են հետազոտվողների, իրենց կարգավիճակի մասին իմացողների և դիսպանսերային հսկողության մեջ ներգրավվողների օր-օրի աճող թվերը:

Նույն շարքից