Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է...
Այսօր Բրատիսլավայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ քննարկելով Արցախի հակամարտության հիմնախնդիրը:
Նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հետ կապված առկա է մեկ միասնական փաթեթ ունենք, որում ներառված են ինչպես հիմնահարցի բուն կարգավորմանն առնչվող, այնպես էլ խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելուն ուղղված հարցեր։ Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմի գերակայությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը:
Իմ խորին համոզմամբ, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է...
Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն Արցախի խնդիրը դուրս է այս համատեքստից: Այն ամենից առաջ պատասխանատվություն է պատմության և սերունդների առաջ... Հայաստանի հասարակական-քաղաքական էլիտան, մտավոր ընտրանին արդեն 30 տարի կանգնած է այս խնդրի լուծման պռնկին, և լուծում չկա... Այս խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն, համարձակություն, մեր զավակների ապագայի առաջ պատասխանատվության զգացում և հաղթելու կամք...
Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցն ի սկզբանե հանդիսացել է որպես ինքնորոշման իրավունքի խնդիր, որի նպատակն է եղել ապահովել Արցախահայության՝ իր երկրում անվտանգ ապրելու իրավունքը՝ զարգացման հուսալի երաշխիքներով: Իմ խորին համոզմամբ Արցախի հիմնահարցը և լուծման հնարավորությունները պետք է ձեւակերպել ու դիտարկել բացառապես իրատեսական հաշվարկի վրա: Այն պետք է լինի կոնկրետ, ունենա որոշակիություն և բոլորի համար տեսանելի ու ընկալելի ավարտ:
Ներկայիս իրավիճակը և ստատուս-քվոյի պահպանումը կարող է ունենալ երկու ելք. Կա՛մ խաղաղ կարգավորում, կա՛մ պատերազմ: Բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ ստատուս-քվոն դժվարացնում է Հայաստանի և Արցախի դինամիկ զարգացումը՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Այս իրադրության պայմաններում որևէ կասկած չունեմ, որ հայկական կողմը պետք է ցուցաբերի առավել ակտիվություն՝ հանդես գալով խնդրի կարգավորման կառուցողական նախաձեռնողի դերում՝ փորձելով սեփական սցենարով ձեւավորել բանակցությունների հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերն ու պայմանագրերը:
Հայկական կողմի այսպիսի պատրաստակամությունը բացառապես խաղաղ եղանակով կամ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար չպետք է շփոթության տեղիք տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին Ադրբեջանին, որ հայկական կողմի պատրաստակամությունը պայմանավորված է նրա՝ Ադրբեջանի համեմատ ունեցած համեստ հնարավորություններով:
Ճիշտ հակառակը, հայկական կողմի համար այսպիսի դիրքերից հանդես գալու միակ ու անվերապահ վստահությունը պայմանավորված է լինելու էլ ավելի մարտունակ զինված ուժերի կայացմամբ, որը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ապահովել երկրի անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատժիչ գործունեություն ծավալել իր տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացրած որևէ պետության զինված ուժերի նկատմամբ:
Մի բան ակնհայտ է, Արցախի հիմնախնդրի հնարավորինս արագ լուծումը և անշրջելի խաղաղության հաստատումը բխում է նախևառաջ Հայաստանի և Արցախի շահերից»: