Քաղաքականություն 

Եթե կովերը շարունակում են թաղված մնալ թրիքի մեջ, ինչ տարբերություն՝ գոմերը խելացի են, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

1,5 տարվա փորձերը ցույց են տալիս՝ երբ որևէ որոշում է կայացվում, որը Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, փաստարկներ են ի հայտ գալիս, թե ինչ խնդիրներ է առաջացնելու դա: Օրինակ՝ եթե ասում ես, որ տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով, վարչապետի անունով հարյուրավոր նամակներ են գալիս, որ ավտոմեքենան CO գազ է արտադրում, ինչը լուրջ պրոբլեմ է: Հետո ասում են, որ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, դրա համար ավելի լավ է տեղից տեղ շարժվել ավանակով: Իհարկե խնդիրներ լինում են, բայց ամբողջ աշխարհը լուծում է դրանք: Օրինակ՝ ոչ թե ավանակներով են շարժվում, այլ ինքնակառավարվող մեքենաներով: Սակայն Հայաստանում, երբ խոսում ես կյանքի որակը բարձրացնելու մասին, փաստարկներ են լինում, որ ավելի լավ է մնա հին տարբերակը: Մենք ունենք երևույթներ, որ քայլեր ենք անում կյանքի որակը բարձրացնելու համար, բայց միևնույնն է գլորվում ենք նույն տրամաբանության մեջ: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը խոսեց նաև խելացի անասնագոմերի մասին. «Երկու օր առաջ ռեպորտաժ նայեցի չգիտեմ, թե որ մարզում բացված խելացի անասնագոմի մասին: Դե ցույց են տալիս ամեն ինչ: Կներեք էլի, որ այսօր ստացվում է ստանդարտից դուրս բաներ եմ ասում: Բայց իմ ուշադրությունը գրավեց այն, հազար ներողություն եմ խնդրում, որ այդ անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ խելացիներում և կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան՝ ոչ խելացիներում: Եթե դա քաղաքակրթական կուլտուրայի չի բերելու, եթե կենդանին թրիքի մեջ է, ինչ տարբերություն՝ այդ անասնագոմը խելացի է, թե՝ ոչ: Եթե նուն մսատվության, կաթնատվության մակարդակն է մնում, նշանակում է, որ թղթաբանությունն ավելանում է, սակայն որևէ բան չի փոխվում»:

Վարչապետի կարծիքով խնդիրը մտածողության մեջ է. «Մի ուրիշ քաղաքակրթական խնդիր էլ կա, որը քննարկել են Մարությանի հետ: Ուշադրություն դարձրե՞լ եք, որ աղբ տեղափոխող ավտոմեքենան միշտ կեղտոտ է: Սա հոգեբանական պահ է: Իրականաում աղբ տեղափոխող ավտոմեքենան պետք է մաքուր լինի: Էլ չեմ խոսում աշխատողների համազգեստի մասին: Այս խնդիրների մասին պետք է բարձրաձայն խոսել: Նույնը վերաբերում է ավտոմեքենաների կուզովներին ու ժանգոտ բուտկաներին: Մենք այդ հարցերում պետք է նաև կոշտ միջոցների գնանք: Եթե մարդու համար այդ ավտոմեքենաներն այնքան թանկ են, որ պահում են, պետք է տուրք վճարեն: Հակառակ դեպքում մենք փոսից դուրս չենք գա»:

Նույն շարքից