Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, որովհետև դեռ մեկ օր է անցել: Բացի դրանից, կա անմեղության կանխավարկած, բայց միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում՝ անկախ տվյալ պաշտոնյայի ով լինելուց պետք է պատասխանատվություն լինի: Բայց եկեք այս գործի մասին չխոսենք, որովհետև առայժմ միայն ԱԱԾ հայտարարությունը կա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իր տեղակալ Գևորգ Լոռեցյանի ձերբակալության մասին:
Հարցին՝ սպասելի էր արդյո՞ք իր համար, որ իր տեղակալը նման հնարավոր կոռուպցիոն գործարքում կլինի, նախարարը կրկնել է, որ չի ուզում դեպքը մեկնաբանել՝ սահմանափակվելով ԱԱԾ-ի հայտարարությամբ. «Կա անմեղության կանխավարկած: Եթե արձանագրվի, որ դա փաստ է, մեկնաբանություն կլինի»:
Հարությունյանը մի քանի անգամ խոսեց անմեղության կանխավարկածի մասին՝ հայտարարելով, որ որևէ մեկն իրավունք չունի խախտելու որևէ մեկի անմեղության կանխավարկածը. «Նորից եմ ասում, այո, ցանկացած դեպքում, երբ լինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է, ամենաշատ քրեական գործերը մեր ոլորտում են հարուցվել»: