Հասարակություն 

Հայկ Սարգսյանը սկսում է Լյուսի Քոչարյանի նման նամակներ հրապարակե՞լ

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է հրապարակել, որն ուղարկել են իրեն.

«Բարև Ձեզ պարոն Սարգսյան: Ես 12 տարեկանից ապրում եմ Ռուսաստանում, հայրս աշխատում էր այստեղ, մեզ էլ կանչեց ու մնացինք, հատուկ չեմ փախել բանակից: 18 տարեկանում ավարտել եմ դպրոցն ու ընդունվել համալսարան: Նամակ ենք գրել նախարարություն, որ տարկետում տան, բայց մերժում ենք ստացել: Երկրորդ կուրսից ստիպված թողեցի ուսումս, քանի որ պապաս հիվանդացավ ու պետք էր պահել բիզնեսը: 19 տարեկանից սկսել եմ աշխատել ամեն օր, մինչև այսօր, հանգստանալով հունվարի 1-ին ու 2-ին առանց հանգստի, քանի որ բանկային կրեդիտներ ունենք, հիպոտեկ և այլն: Ու ամենամեծ խնդիրը հետախուզման մեջ եմ, հանցագործի նման, վախենում եմ մի տեղ գնալուց, ամեն պահի կարամ բռնվեմ: Հասել ա նրան, որ ներվային վիճակից արդեն հիվանդանում եմ:

Ինձ համար ավելի լավ ու էժան կլիներ ժամանակին մուծեի պետականորեն նախատեսված 10 միլիոնը ու հանգիստ ապրեի աշխատեի ու փակեի իմ կրեդիտներն ու լուծեի մնացած խնդիրները: Բայց հետախուզման պատճառով շատ խնդիրներ են առաջանում, առողջությունս տուժում է անընդհատ մտածմունքներից:

Շատերը ժամանակին տվել են այդ 10 միլիոնը, որպես կաշառք և ազատվել, բայց ոչ պետությանը, բանակին ու ծառայող զինվորին, իսկ օրինական մուծման դեպքում կշահենք բոլորս: Հեղափոխությունից հետո շատ եմ ուզում գալ Հայաստան, նույնիսկ մտածում էի գալ ու ծառայել, եթե վարչապետի տղան ծառայում է, ինչու ես չպետք է ծառայեմ, բայց անհնար է թողել գործերս, ընտանիքս ու 2 տարով գնալ բանակ: Կկորցնեմ տունս, որն այսքան տարի աշխատելուց հետո կարողացել եմ գնել վարկով, վարկը չմարելու դեպքում տունը կմնա բանկին: 10 միլիոնը քիչ չէ, բայց եթե ես ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայությունից և կարողանում եմ աշխատել ու վճարել և´ 10միլիոնը, և´ վարկերը, և´ հոգալ ընտանիքիս հոգսերը, իսկ բանակ գնալով միայն պարտքս եմ կատարում պետության առաջ, իսկ իմ ընտանիքը, իմ խնդիրները մնում են օդից կախված:

Եթե 18 տարեկան լինեի, ծնողներս առողջ լինեին կգայի ու կծառայեի, սակայն հիմա փակուղու մեջ եմ: Իմ նման երիտասարդներ շատ են ում կյանքը փչանում ա, ու կորչում Հայաստան գալու ցանկությունը : Կներեք երկար շարադրանքի համար, բայց ուզում եմ, որ դուք և հատկապես Ձեզ քննադատողները հասկանան, թե ինչքան կարևոր ու լուրջ հարց է սա: Հույս ունեմ կկարդաք և կկարողանաք հասնել օրենքի ընդունմանը»:

Նշենք, որ Հայկ Սարգսյան օրենքի նախագիծ է պատրաստել՝ առաջարկելով արագացված զինվորական ծառայություն: Նախագծով բոլոր ցանկացողները կարող են 10 միլիոն դրամ վճարել, ծառայել 1 ամիս ու ստանալ զինվորական գրքույկ: Օրեր առաջ նա հայտարարեց, որ բազմաթիվ նամակներ է ստանում նրանցից, ովքեր ուզում են այդկերպ ծառայել: Նա նաև ասաց, որ բոլոր նման ցանկություն ունեցողները կարող են իրեն նամակներ գրել: Սա թերևս այդ թեմայի մեջ է:

Նույն շարքից