Հասարակություն 

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

 

Նույն շարքից