Հայաստան Քաղաքականություն 

Եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ խորհրդարանում ԲՀԿ-«Իմ քայլը» հակամարտությունը բացահայտ առճակատման վերածվեց։ ԲՀԿ-ն հեգնում էր իմքայլականներին ու սովորեցնում, որ «փոքրերը» պետք է լսեն «մեծերին», «Իմ քայլն» էլ «տակը չէր մնում»։

Մեծի ու փոքրի այս «մարտում» ամեն մեկը սեփական ողբերգությունն ունի։ Նախ՝ «մեծերը» պետք է հստակ ասելիք ունենան, որ «փոքրերը» նրանց լսեն։ Իսկ ի՞նչ է հուշում ԲՀԿ-ի անցած ճանապարհը։ Նրա ստեղծման պատմությունն իր «Կյանք ու ազատություն» գրքում շատ հանգամանորեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը, ինչից հստակ պատկերացում ես կազմում, թե ինչի և ում համար է այն ստեղծվել։

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրան մշտապես «նախագահ ջանով» դիմող Գագիկ Ծառուկյանը հանկարծ 2015-ին ընդդիմացավ, բայց ՀՀԿ-ն հայտարարեց, թե կրկեսի վերածելու հայրենիք չունի։ Ծառուկյանը «հեռացվեց» քաղաքականությունից ու հետո էլի նույն ՀՀԿ-ի ջանքերով վերադարձավ։ Այլ խոսքով, սա մի կուսակցություն է, որը հիմնված է մեկ մարդու ու նրա բիզնես շահերը սպասարկելու վրա։ Ըստ այդմ, թելադրվում է նաև այս ուժի քաղաքականությունը։

Բայց երբ բիզնես շահեր ունեցող Գագիկ Ծառուկյանը սկսում է իրական քաղաքականության մեջ լուրջ նկրտումներ ունենալ, ամեն ինչ ավարտվում է, ինչպես ինքն է ճիշտ ձևակերպել, իր բիզնեսները «հա էլ ստուգելով»։

Բայց եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի։ Այստեղ կա ընդամենը 1 տարվա անհասկանալի պատմություն, ոչինչ չասող, ապաքաղաքական դեմքեր, ԱԺ ամբիոնը վիրավորանքներով ու ցինիկությամբ ծածկող մասսա, ինքնահավանության ու գոռոզության դրսևորումներ, իրենց կարգավիճակը չգիտակցող անձինք, 88-հոգանոց խմբակցություն, բայց 88 տարբեր հոսանքներ, քաղաքականությունը նախորդների սխալների վրա կառուցող, բայց նույն սխալները կրկնող, իրարից «բեխաբար» ուժ։

Չգիտեմ՝ այս քաղաքական «պաշարով» իմքայլականները որքան են «փոքր», կամ որքան է «մեծ» նրան դասեր տվող ուժը, բայց հստակ է մեկ բան՝ առանց «մեծերի» ժամանակին «փոքրերը» չէին կարող ոչ վարչապետ ընտրել, ոչ էլ խորհրդարանում հայտնվել։ Այնպես որ, քանի կան, իրար պարտական են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից