Հայաստան Քաղաքականություն 

Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում...

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս իշխանության աքիլեսյան գարշապարը կադրային քաղաքականությունն է, իսկ կադրերը, ինչպես հայտնի է, շատ բան են որոշում։ Այսօր, երբ այս կամ այն ոլորտի անհաջող ղեկավարի մասին ենք խոսում, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տեղում հայտնված մարդու ճանապարհն ինչպե՞ս ենք հարթել, դրանում չկա՞ մեր մեղքի բաժինը։

Մեր իրականությունում չի եղել այնպիսի ընտրություն, երբ որևէ քաղաքական ուժ, իշխանության գալու հայտ ներկայացնելով, հայտարարի, թե իրեն ընտրելու դեպքում ովքեր են լինելու իր կառավարության անդամները, մասնավորապես կարևոր ոլորտներ ղեկավարող անձինք։

Քաղաքացիները միշտ ընտրել են մեկ հոգու, ոչ թե թիմ, իսկ այդ մեկ անձը սեփական քիմքին ու նախասիրություններին հարիր ձևավորել է իր կառավարությունը։ Այս հարցում միայն քաղաքական ուժերը չեն մեղավոր, հասարակությունը ևս երբեք քաղաքական ուժի առաջ պահանջ չի դրել, թե իշխանության գալով, ովքեր են լինելու նրա առանցքային դերակատարները։ Այսինքն երկկողմանի անհաջող «գործարք» է եղել։

Դրա համար հիմա պետք չէ այս կամ այն նախարարի հրաժարականը պահանջել՝ առանց նրա այնտեղ հայտնվելու համար սեփական մեղավորության չափը գնահատելու։ Ի դեպ, երբ քաղաքական ուժը մինչ ընտրություններ առնվազն ռազմավարական կարևոր ոլորտների ղեկավարների իր թեկնածուներին է ներկայացնում հանրությանը, ընտրվելուց հետո իշխանության պատասխանատվությունը կադրերի հարցում կիսվում է։ Այդ պարագայում իշխանությունը լիովին իրավունք ունի ասելու հանրությանը. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում»։

Իսկ կադրերը, ինչպես միշտ, այս իշխանության օրոք էլ ընտրվել են բարեկամ-խնամի-ծանոթ սկզբունքով, տվյալ դեպքում` քայլե՞լ է, թե՞ ոչ։ Այս սկզբունքով կառավարման օղակում էին և են հայտնվել մարդիկ, որոնք պետք է կիլոմետրերով հեռու լինեին այդ պաշտոններից։

Անշուշտ, անգամ ժողովրդի ուղիղ ընտրությամբ դժվար է կանխորոշել` այս կամ այն մարդը կարո՞ղ է լավ նախարար, ԱԱԾ պետ լինել, թե՞ ոչ, բայց առնվազն նրա քայլերի համար հասարակությունը սեփական մեղավորությունը կզգա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից