Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում աշակերտները հրկիզել են դպրոցն այն բանից հետո, երբ ստացել են ցածր գնահատականներ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով News 24 կայքին:
Նոյեմբերի 28-ին ավագ դպրոցի աշակերտները տեսել են իրենց գնահատականները և համարելով դրանք անարդար հրկիզել են կրթական հաստատության շենքը:
Ժամանալով դեպքի վայր, հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Տեղի ունեցածի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցի շենքն ամբողջությամբ ավերված է և չի կարող վերականգնվել:
Ազգային կրթության վարչության խոսնակ Կազի Մթխեթվան աշակերտներին հորդորել է չփորձել խնդիրները լուծել բռնության, վանդալիզմի և հանրային ունեցվածքի ոչնչացման միջոցով:
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը: Դեռ ոչ ոք չի ձերբակալվել: Հրդեհի պաշտոնական պատճառները հայտնի չեն։