Հասարակություն 

ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. «Հետք»

analitik.am

«Հետք»-ը գրում է.

«Այս տարվա սեպտեմբերի 18-ին Պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ:

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ:

Պայմանագրով «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարի 4779 տոննա դիզելային վառելիք։ Որպես մատակարար՝ ընկերությունը ընտրվել է հրատապ բաց մրցույթով։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիսի 28-ին։ Դրա միակ սեփականատերը ազգությամբ եզդի, 27-ամյա Մամե Ամիրյանն է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, համակիր է:

«Իմ ֆիրման է։ Այդ ժամանակ, որ ֆիրման բացվում էր, Հայաստանում չէի ես։ Ընկերոջս՝ Մամե Ամիրյանի, հետ որոշեցինք բացենք ֆիրման։ Ինքը ուղղակի պարսկագետ է, լավ խոսում է պարսկերեն, որ պայմանագիրը Պարսկաստանի հետ էր, պարսակերենի հետ կապված էր, որոշեցինք, որ ինքը կլինի, մինչ ես կգամ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոման Մուրադյանը։

Առաջին լուսանկարում՝ Ռոման Մուրադյանը Նիկոլ Փաշինյանի հետ, երկրորդում՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ

Ռոման Մուրադյանը հնարավոր համարեց, որ հետագայում Մամե Ամիրյանը կարող է դուրս գալ ընկերության սեփականատերերի ցանկից, և վերջինիս փոխարինի ինքը։

Ռոման Մուրադյանն այժմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է՝ փոխարինելով ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Նշենք, որ Ռոման Մուրադյանը 2016-2018 թթ. եղել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Երևանի կենտրոնի պետ, 2017-2018 թթ. եղել է ՍԱՊԾ-ի պետի խորհրդական»։

Ավելին՝ Hetq.am

Նույն շարքից