Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Սորոսականներն այսօր իշխանության փայատերերից են, նրանք համոզել են Փաշինյանին, որ առանց իրենց հեղափոխություն չէր լինի. Նարեկ Մալյան /տեսանյութ/

analitik.am

Սորոսի գրասենյակն (Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան) ամենախոշոր վտանգն է Հայաստանում, այն այսօր տիրապետում է իշխանական լծակների, իր օրակարգն է պարտադրում պետությանը և ունի լայն գործակալական ցանց, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Այդ ցանցի գլխին է կանգնած Լարիսա Մինասյանը, նա պարբերաբար հանդիպում է Ջորջ Սորոսի հետ, նրանից ստանում իր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ և իրականացնում դրանք: Նախկինում սորոսականներն ազդեցություն չեն ունեցել իշխանական որոշումների, քաղաքական օրակարգի վրա»,– ասել է նա:

Ըստ Մալյանի՝ սորոսականներն այսօր իշխանության փայատերերից են, նրանց հաջողվել է համոզել Փաշինյանին, որ առանց իրենց հեղափոխություն չէր լինի. «Իշխող ուժը պետք է իր մեջքի վրայից շպրտի Սորոսի լուծը: Սորոսն ամբողջ աշխարհում պայքարում է ազգային արժեքների դեմ: Երբ կառավարության ղեկավարն իր անձնական պաշտպանության տակ է վերցնում այդ հարցերի հեղինակներին, պարզ է դառնում, որ նրանց դիրքորոշումները նույնական են»:

Նարեկ Մալյանի կարծիքով՝ մեղավոր են նաև նախկին իշխանությունները, որոնք տարիներ շարունակ հանդուրժել են Սորոսի գրասենյակի ներկայությունը Հայաստանում. «Սորոսի հիմնադրամի ոճը հետևյալն է՝ փոքր հատկացումներ են անում չեզոք ծրագրերի մասով՝ որպես երեսպաշտական օգնություն: Ռուսաստանում նրանք փորձեցին իրենց ձեռքը վերցնել կրթական համակարգը, և երբ այդ միտումը դարձավ վտանգավոր, Սորոսի հիմնադրամը, ինչպես որոշ այլ պետություններում, վռնդվեց երկրից»:

Մալյանի պնդմամբ՝ սորոսականները թիրախավորել են ԱԱԾ-ն, այդ կառույցի վրա լուրջ ճնշում է գործադրվում, և դա երևաց վերջին աղմկահարույց դեպքով՝ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությամբ, երբ սորոսականները համախմբվեցին ընդդեմ նրան բերման ենթարկած ԱԱԾ-ի. «Ընթանում է ոհմակային հարձակում մեր անվտանգության մարմինների նկատմամբ: Այդ պայքարը հավերժ է՝ կա՛մ ԱԱԾ-ն կհաղթի գործակալական ցանցին, կամ նրանք կլափեն ԱԱԾ-ն, և մեր ազգային անվտանգությունից ոչինչ չի մնա»:

Նարեկ Մալյանը պատրաստվում է մոտ 100 էջանոց փաստաթուղթ հրապարակել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կոռուպցիոն չարաշահումների մասին, եթե գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը գա իր հետ հրապարակայնորեն բանավիճելու: «Այդ փաստաթղթի հրապարակումից հետո շատ մարդիկ, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում, կանգնելու են դատարանի առաջ և ցուցմունք են տալու»,- ամփոփել է Նարեկ Մալյանը:

Նույն շարքից