Գլխավոր Քաղաքականություն 

Բոլոր մեղավորները պատասխան են տալու. Արմեն Սարգսյանը Գյումրիում է

analitik.am

Ես չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար անհրաժեշտ եղավ 31 տարի: Լրագրողների հետ զրույցում Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Պատասխանել կարող է մեկը, ով այս բոլոր տարիներին պատասխանատու է եղել, որ պատասխանի: Բայց նաև պատասխանատու է մեր ողջ ժողովուրդը, մենք՝ բոլորս միասին: Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, ետ նայենք: 88-ի ողբերգության կողքին կար և Ղարաբաղի ազատության անկախության պայքարը, և մեր ազատագրական շարժումը: Այս բոլորը միացան 91 թվականին, հետագայում եղավ պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, դրամ, ԿԲ: Իրականում ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է և սովորեր և կառավարեր: Սկիզբը շատ դժվար է եղել»:

Նախագահը գնահատեց բոլոր նրանց, ովքեր ապրել են Հայաստանի հյուսիսում, կորցրել են ամեն ինչ, ապրել են դոմիկներում, անբնական պայմաններում. «Եթե նույնիսկ բնակարան են ստացել, քաղաքը կենդանի չի եղել, քանի որ մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, միայն տանը քնելով չեն ապրում, եթե աշխատանք, ուրախություն, հավաքվելու տեղ, մթնոլորտ չկա: Սա քաղաք է, որը հոգի է ունեցել դարերով: Այդ հոգին կարծես սառել էր: Մենք էլ զբաղված լինելով նախ անկախության, Ղարաբաղի հարցերով, գուցե մեղավոր ենք, որ ինչ-որ պահ ավելի շատ եռանդ, ժամանակ, սեր չենք դրել Գյումրիում: Հիմա ես ՀՀ նախագահն եմ, կա ՀՀ վարչապետը, նոր կառավարությունը:

Ընդհանրապես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր սեփական կյանքի, սեփական արժեքների նկատմամբ, հիմա մենք պետք է պատասխանատու լինենք: Պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Շենքերը վերակառուցելուց բացի պետք է կյանքը վերադարձնենք»:

Հարցին, եթե քննություն սկսվի նախորդ տարիներին տեղի ունեցած աշխատանքների մասով, հնարավոր է արդյո՞ք քրեական գործեր լինեն, նախագահն ասաց, որ հարցը պետք է տալ համապատասխան մարմիններին. «Նախագահի գործը կառուցելն է: ես վստահ եմ, որ ցանկացած դեպքում պատմության բոլոր պահերին այն մարդիկ, ովքեր սխալ են գործել, պետք է պատասխան տան»:

Նույն շարքից