Հասարակություն 

Սպիտակում հանդիսավորությամբ բացվեց Քըրք Քըրքորյանի կիսանդրին

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հոգևորականներ, հյուրեր: Արձանի հեղինակը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լևոն Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ առիթ ունեցել է Քըրք Քըրքորյանի հետ հանդիպելու և նվիրելու իր նախկինում արած քանդակը:

«Ես շատ եմ լսել Քըրք Քրքորյանի մեծ գործերի, բարերարությունների մասին և ինքս ինձ համար որոշեցի քանդակել նրան, առանց որևէ սպասումների: Մտածում էի, թե երբ պետք է նա գա, որ նվիրեմ: Անցնում են տարիներ, և ես մի օր հեռուստացույցով տեղեկանում եմ, որ նա ժամանում է Երևան: Հաջորդ օրը գնացի այն հյուրանոց, որտեղ Քըրքը մնում էր, տարա քանդակը, նա այնտեղ չէր, կանգնած սպասում էի: Վերադարձավ, աստիճաններով բարձրանալիս, երբ քանդակը տեսավ, ծնկի իջավ և ասաց շատ-շատ լավ է: Նա հիացած էր այդ աշխատանքով: Տարավ այդ գիպսե քանդակը, սակայն իմ մեջ մնաց մի զգացողություն, որ ինչ-որ մի բան կիսատ է»,-ասաց Լևոն Թոքմոջյանը:

Քանդակագործը երազում էր, որ ինչ-որ մի ծրագիր իրագործեր մեծանուն բարերարի հետ կապված: Այլևս Քըրք Քըրքորյանին չհանդիպեց, և տարիներ անց հնարավորություն եղավ պատրաստել մեծ բարերարի քանդակը և այն տեղադրել Սպիտակում:

Քանդակագործը պատրաստվում է առաջիկայում քանդակել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արձանը:

Քըրքորյանը բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։ Տարբեր աղբյուրների համաձայն, Քըրքորյանը 22 տարվա ընթացքում մի քանի հարյուր միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել Հայաստանի համար՝ իր Լինսի հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր 1989 թվականին, և, մասնավորապես, կենտրոնացել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից ավերված Հայաստանի հյուսիսային հատվածի վերականգնման գործի վրա։

Ամերիկահայ մեծ բարերարի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։ Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական շրջաններում հայտնվեցին հարյուրավոր նոր տներ, երկրաշարժից տուժած մարդկանց համար։

Քըրք Քըրքորյանն առաջին անգամ իր պատմական հայրենիք է այցելել 1998 թվականին։ Նրա բարեգործական հզոր գործունեության արդյունքում էր, որ Հայաստանում վերականգնվեցին և ճոխությամբ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ։ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը կոչվում էր նրա երկու սիրասուն դուստրերի՝ Լինդայի և Թրեյսիի անուններով՝ «ԼինՍի»․ «Լին»-դա, և Թրեյ-«Սի»։

1998 թվականի սեպտեմբերին Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի։ Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել, այսինքն՝ արժանացել է Հայաստանի բարձրագույն պետական պարգևին։ Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից