Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը, այցելել է Լոռու մարզ։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետի այցի առաջին կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղն էր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։

Շիրակամուտից վարչապետն ուղևորվել է Սպիտակ քաղաք. ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Սպիտակի հուշարձանների պուրակում մասնակցել է ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ապա կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Քըրք-Քըրքորյանի կիսանդրին Սպիտակ քաղաքին նվիրել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Վարչապետը նաև ծաղիկներ է դրել Սպիտակի հուշարձանների պուրակում տեղադրված Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 2016 թ. ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին։ Նիկոլ Փաշինյանը եղել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում և մոմ վառել՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է Լեռնանցք համայնք և մասնակցել տեղի բնակիչների համար նոր կառուցված բնակարանների բացմանը։ Աղետի գոտու պետական բնակարանաշինության ծրագրի շրջանակում Լեռնանցքում կառավարության որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների հաշվին «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է 8 բնակարան: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լեռնանցքցիներին բնակարանամուտի առթիվ, մաղթել հաջողություններ և առաջընթաց՝ նշելով, որ կառավարությունը հետևողական է աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման հարցում։ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ևս 24՝ բարձր պատրաստվածություն ունեցող բնակարանների շինարարությունը, որից 4-ը՝ կրկին Լեռնանցք համայնքում:

Վարչապետ Փաշինյանը Շիրակամուտում, Սպիտակում և Լեռնանցքում նաև զրուցել է այս համայնքների բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին և պատասխանել դրանց։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը և համայնքների զարգացման ու սուբվենցիոն ծրագրերի համատեքստում ընդգծել կառավարություն-համայնք-մարզպետարան համագործակցության կարևորությունը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից