Բարի օր Հասարակություն 

Մինչև 14 տարի ազատազրկում. Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն՝ 94 կողմ քվեով, ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ նախագծի համար հիմք են դարձել ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով բանակում առկա ինքնասպանությունները, ուստի իրենք՝ հեղինակները, խիստ կարևոր են համարում ավելացնել զինվորներին ինքնասպանության հասցնողների համար սահմանված պատժաչափերը:

Այսպես, առաջարկվում է ՀՀ  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը  լրացնել նոր՝ 360.1-րդ և 360.2-րդ հոդվածներով հետևյալ խմբագրությամբ. «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, եթե բացակայում են սույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, 358.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝  չորսից ութ տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով:

Վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից), պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:

Նշված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնչորս տարի ժամկետով»:

Նույն շարքից