Գլխավոր Հասարակություն 

Չնայած Արայիկ Հարությունյանի խոստումներին, Դրախտիկի դպրոցում դեռ գազ չկա, իսկ 10 օրն արդեն անցել է

analitik.am

Դրախտիկի դպրոցը դեռ գազաֆիկացված չէ, 15 օրվա ընթացքում որևէ տեղաշարժ չի եղել:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Analitik.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Առաքելյանը հայտնեց, որ դեռ սպասում են: Մեր դիտարկմանը, որ համապատասխան մարմինների նշած 10 օրն արդեն անցել է, համայնքի ղեկավարն ասաց, որ որևէ բան չի կարող ասել, դեռ սպասում են:

Շաբաթներ առաջ համացանցում տարածվեցին Դրախտիկ գյուղի դպրոցի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, թե ինչ սարսափելի պայմաններում են սովորում աշակերտները:

Հրապարակմանն ավելի ուշ արձագանքեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ տեղյակ է դպրոցի մասին և տեղեկացնելով, որ արդեն խոսել է մարզպետ Գնել Սանոսյանի հետ, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար:

«Արձագանքս Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին:

Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,-գրել է նախարարն իր էջում:

Նոյեմբերի 25-ին, համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում հաստատեց այն, որ գյուղը գազաֆիկացված չէ, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ խողովակաշարը գրեթե 100 տոկոսով անցկացված է:

Այն ժամանակ Առաքելյանն ասաց, թե իրենց խոսք են տվել, որ 10 օրվա ընթացքում գազը կմտնի գյուղ:

Ինչ վերաբերում է կոնկրետ դպրոցին, ապա դեպի դպրոց գնացող խողովակաշարը, համայնքի ղեկավարի փոխանցմամբ, անցկացված է, և այն պահից, երբ գազը մտնի գյուղ, դպրոցը գազ կունենա:

Նույն շարքից