Եվրամիությունն իր պաշտոնական ամսագրում հրապարակել է նավթային ոլորտի ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան մի շարք ծրագրերի իրականացման համար արգելվում է:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости–ն՝ ցուցակը կազմված է 30 կետից: Դրանում, մասնավորապես, ներառված են խողովակների և հորատման սարքավորումների տեսակներ: Այդ ապրանքները չպետք է Ռուսաստան մատակարվեն խորջրյա և թերթաքարային նավթի մշակման համար:
Ցուցակում առկա ապրանքներն այլ ծրագրերի իրականացման համար Ռուսաստանին վաճառելու համար արտահանողները պետք է ստանան իրենց երկրի իշխանությունների նախնական թույլտվությունը: Միևնույն ժամանակ՝ նշվում է, որ էական չէ՝ արդյո՞ք այդ ապրանքները ԵՄ-ում են արտադրվել, թե՞ ոչ:
Եթե ԵՄ անդամ երկրներից մեկը որոշում է արգելել որևէ սարքավորման գործարքը, ապա դա չի պարտավորեցնում մյուս երկրներին՝ նմանօրինակ արգելքներ սահմանել, սակայն գործարքը թույլ տվող երկիրը պետք է Եվարահանձնաժողովին և ԵՄ մյուս երկրներին իր որոշման պատճառների բացատրությունը ներկայացնի:
Ցուցակում առկա ապրանքների արտահանումը կթույլատրվի միայն այն պարագայում, եթե դրանք մատակարարվում են մինչ օգոստոսի մեկը կնքված պայմանագրերի շրջանակում: