Քաղաքականություն 

Իշխանությունը նպատակ ունի ՍԴ-ն լրացնել իր վստահելի անդամներով. Անի Սամսոնյան

analitik.am

Մեր պատկերացումներով, սա նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին և այն լրացնել այս իշխանությունների համար վստահելի անդամներով, ինչով համակարգը չի բարեփոխվելու: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագծի մասին:

Սամսոնյանի խոսքերով, անընդունելի է ժողովրդի կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելու համար փող հատկացնելը. «Սրանով դուք լուծում եք ընդամենը քաղաքական խնդիր»:

Պատգամավորը կարծում է՝ եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետևանքներ, որ թե դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ. «Եթե նրանք վնասել են պետությանը, ինչո՞ւ է պետությունը ձեռք մեկնում նրանց ու հնարավորություն տալիս պատվով հեռանալ»:

Սամսոնյանը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքերը, որ հնարավոր հեռացող դատավորները միևնույնն է ստանալու են այդ գումարը, եթե մնան ու աշխատեն. «Սակայն մոռացվում է այն, որ նրանց հեռանալուց հետո նրանց փոխարեն եկածները ստանալու են աշխատավարձ: Ստացվում է, որ կրկնակի վճարում է լինելու, ինչը լրացուցիչ բեռ է հարկատուների համար»։

Նույն շարքից