Հասարակություն 

Մի՞թե չկա փողոցներում ուտող-թափող մարդկանց տուգանելու որևէ օրենք․ Քաղաքացին ահազանգում է

analitik.am

Analitik.am-ի հետ կապ է հաստատել Էրեբունի թաղամասի բնակչուհի Նելլին, նրա մտահգությունը թաղամասում չմաքրվող և մշտապես կուտակվող աղբի խնդիրն է:

Ըստ նրա, Էրեբունի թաղամասում սեփականաշնորհված տարածքներ կան, որոնք ընդհանրապես չեն մաքրվում, աղբն անընդհատ կուտակվում է՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ:

«Այդ տարածքների սեփականատերերը չեն ցանկանում իրենց տարածքների մաքրությանը հետևել. հենց Էրեբունիի Սիթիի կանգառի դիմաց կիսակառույց շենք կա, որտեղ աղբի բլուրներ են առաջացել, և այդ աղբը կանգառի հարևանությամբ է»,-ասաց Նելլին:

Նրան նաև մտահոգում է Էրեբունի-Մասիվում հարավսլավացի օդաչուների հուշարձանին հարող տարածքը, որտեղ ևս աղբի կույտեր են ու հակասանիտարական վիճակ: Տվյալ տարածքում, ըստ քաղաքացու, նաև հին բուտիկներ են, որոնց տեսքն ու մաքրությունն արդեն խոսում է այն մասին, որ տարածքը սանիտարիայի հետ խնդիր ունի․ «Այդ տարածքում երկու սեփականատերեր կան, որոնք ևս որևէ ուշադրություն չեն դարձնում տարածքին»,-ասաց նա:

Նելլին նշեց, որ Էրեբունիում աղբի մեջ կորած են ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային տարածքներ. «Մեր թաղամասին ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում, չգիտեմ ինչ պարբերականությամբ են աղբը հավաքում, որ այն երբեք չի վերջանում: Երբեք մեր թաղամասում մաքուր հատված չես տեսնում»,-ասաց քաղաքացին:

Նա նաև նշեց, որ աղբի մեջ կորած է Էրեբունիի հանրակացարանի, 178 դպրոցի տարածքը․ մաքրող չկա:

Նելլին ընդհանրապես մաքրության չպահպանման հարցում տեսնում է նաև բնակիչների մեղքը: Մասնավորապես՝ Շրջանայինում, որտեղ ուսանողների մեծ հոսք կա ու սրճարաններ, արագ սննդի կետեր, որտեղ նաև մեկանգամյա բաժակներով սուրճ կարող են գնել՝ ամենուր փողոցներում թափված սուրճի բաժակներ են ու սննդի մնացորդներ: Ըստ քաղաքացու, դա հիմնականում ուսանողների մեղքով է։

Նա զարմանում է, միթե որևէ օրենք չկա, որ տուգանեն այն մարդկանց, ովքեր ուտում-թափում են հենց փողոցներում։ Քաղաքացին առաջարկում է տարածքից հանել արագ սննդի կետերը կամ մաքրություն ապահովել․ «Քաղաքում աղբի խնդիրը համատարած է. նախ ուսանողներին պետք է  հասկացնել, որ ամեն տեղ աղբ չի կարելի թափել, նաև պետք է մաքրելու հարցը լուծել»,-ասաց նա:

Նելլին դժգոհ էր նաև Երևանի տրանսպորտի և վարորդների մաքրությունից՝ նշելով, որ ոչ միայն փողոցները, այլ նաև տրանսպորտն է կեղտոտ վիճակում. վարորդները ծխում են, հեռախոսով են խոսում, հաճախ նկատում է, որ կեղտոտ ձեռքերով և երկար եղունգներով են:

  

Նելլին ասաց, որ դժգոհել է Երևանի քաղաքապետարանին, որտեղից նրան պատասխանել են․ «Դուք չեք կարող ասել, որ Երևանի տրանսպորտը կեղտոտ վիճակում է» ու վերջ:

«Ես քաղաքապետարանին չեմ կարողանում համոզել, որ տրանսպորտը կեղտոտ է: Չգիտեմ ինչ հաճախականությամբ են մաքրում ավտոբուսներն ու երթուղայինները, սակայն մաքրությամբ չեն փայլում՝ երբեք»,-ասաց նա և հավելեց, որ քաղաքն աղբի մեջ կորած է և իր համար անընդունելի է մայրաքաղաքի նման կեղտոտ վիճակը, սակայն լուծում էլ չի տեսնում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից